Փարիզում թալանել են Վենետիկի արքայազնի և նրա կնոջ տունը
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անհայտ անձինք թալանել են Սավոյայի թագավորական տան ներկայացուցիչ, Վենետիկի արքայազն Էմանուել Ֆիլիբերտին և նրա կնոջը պատկանող բնակարանը, գրում է Parisien պարբերականը:
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 19-ին, երբ տանտերերը տանը չեն եղել: Կրած վնասի չափն առայժմ չի հստակեցվում, սակայն, ըստ հետաքննության մեջ ներգրավված աղբյուրի, գողերը մի քանի ոսկյա զարդեր են թալանել, որոնց արժեքը մոտ կես միլիոն եվրո է կազմում:
Ոստիկանությունը գողության վայրից հանցանշաններ է հավաքել, սակայն պարբերականի աղբյուրը նշել է, որ հանցագործներին բռնելը հեշտ չի լինի:
«Այդ տեսակի գողությունները հազվադեպ են սիրողական մակարդակի գողերի ձեռքի գործը լինում, քանի որ այդքան թանկարժեք զարդեր վաճառելու համար հարկավոր է գողացված իրերի գնորդների լավ շրջապատ ունենալ»,- ասել է աղբյուրը:
Էմանուել Ֆիլիբերտը Վիկտոր Էմանուել Սավոյացու որդին և Իտալիայի վերջին թագավորի՝ Ուբերտո II Սավոյացու թոռն է: 2003թ.-ին նա ամուսնացել է ֆրանսիացի դերասանուհի Կլոտիլդե Կուրոյի հետ, որից հետո վերջինս Վենետիկի և Պիեմոնտի թագուհու տիտղոս է ստացել:










