Ռազմական անակնկալներ են լինելու. Դավիթ Տոնոյանը՝ սպառազինությունների ձեռքբերման մասին

13:24 • 22.07.19

Ռուսաստանից պատվիրված Սու-30 ինքնաթիռները, պայմանավորվածության համաձայն, Հայաստանում կլինեն արդեն այս տարվա վերջ–հաջորդ տարվա սկիզբ ընկած ժամանակահատվածում, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Հարցին՝ արդյոք նոր սպառազինության տեսակներ ձեռք բերելու են, թե ոչ նախարարը պատասխանեց. «Չեմ կարող հիմա դրա մասին խոսել, բայց ռազմական անակնկալներ են լինելու»,- ընդգծեց նա:

Դավիթ Տոնոյանը նաև անդրադարձավ զինծառայող Համիկ Վարդանյանի մահվան դեպքին։ Հիշեցնենք, վերջինիս դին հուլիսի 20-ին գտել էին մարտական դիրքում: Նախարարը նշեց, որ կան որոշ թերություններ, որոնք թույլ չեն տվել վաղօրոք բացահայտելու զինծառայողի հոգեվիճակը:

«Մեկ զինծառայողի, մեկ գործընկերոջ մահը անվերականգնելի է ու բարոյապես բոլորիս վրա ազդում է: Ունենք որոշակի նվազում, բայց ունենք որոշ թերություններ, որոնք թույլ չեն տվել նախօրոք բացահայտել մեր զինծառայողի այդ հոգեվիճակը: Պետք է շատ ավելի աշխատել, հանձնարությունը տրված է, ավելին չեմ կարող ասել, քանի որ նախաքննություն է իրականացվում»,- ընդգծեց նա: