«Океан Эльзы» խմբի առաջատար Վակարչուկը վստահեցրել է, որ պատգամավոր ընտրվելուց հետո կշարունակի երգել
Ուկրաինական «Океан Эльзы» հանրահայտ ռոք խմբի առաջատար Սվյատոսլավ Վակարչուկը վստահեցրել է, որ Գերագույն ռադայի պատգամավոր ընտրվելուց հետո կշարունակի երգել: Այդ մասին Վակարչուկը հայտնել է ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչ կլինի իր խմբի հետ, երբ նա անցնի պատգամավորի աշխատանքին, գրում է korrespondent.net-ը:
«Արդյոք կհավատա՞ք, որ ես անկեղծ կլինեմ, եթե ասեմ, որ ինձ այլևս հետաքրքիր չէ երաժշտությամբ զբաղվելը: Չեք հավատա: «Океан Эльзы»-ն կշարունակի գոյություն ունենալ: Փա՛ռք Աստծո, օրենքը թույլ է տալիս ստեղծագործական գործունեությամբ զբաղվել, իսկ Աստված արգելում է ինձ դրանով չզբաղվելը»,- ասել է «Գոլոս» քաղաքական կուսակցության նախագահ Վակարչուկը, որի գլխավորած կուսակցությունը երեկ կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում 4 այլ կուսակցության հետ անցել է երկրի խորհրդարան:
Ավելի վաղ նա չէր բացառել իր աշխատանքը երկրի գործադիր մարմնում:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է Tert.am-ը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը 42,19 տոկոս ձայնով պահպանում է առաջատարի դիրքը Յուրի Բոյկոյի «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության նկատմամբ (12,75 տոկոս), վկայում են ԿԸՀ-ի տվյալները՝ արձանագրությունների 35,51 տոկոսի հաշվարկից հետո:
Երրորդ տեղը զբաղեցնում է նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը՝ ձայների 8,71 տոկոսով: Այնուհետև՝ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» կուսակցությունը՝ 8,15 տոկոս ձայնով, հնգյակը եզրափակում է երաժիշտ Սվյատոսլավ Վակարչուկի «Գոլոս» կուսակցությունը՝ 6,39 տոկոս ձայնով:










