Խաբարովսկի երկրամասում մանկական վրանային ճամբարում բռնկված հրդեհի հետևանքով 3 երեխա է մահացել (լուսանկարներ)

14:47 • 23.07.19

Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկի երկրամասի «Խոլդոմի» տուրբազայում մանկական վրանային ճամբարում բռնկված հրդեհի հետևանքով 3 երեխա է մահացել: Այս մասին հայտնում է meduza.io-ն՝ վկայակոչելով շրջանային իշխանություններին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրդեհի հետևանքով 11-ամյա աղջիկ է մահացել: Բացի այդ, երեք երեխա ծանր այրվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Երկու աղջիկներն ավելի ուշ մահացել են վերակենդանացման բաժանմունքում:

Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոցներում բուժվում է ևս երկու տղա՝ մեկը այրվածքներով, մյուսը՝ գազից թունավորումով։

Եվս ութ տուժածների՝ երեք երեխաների և հինգ մեծահասակների, բուժօգնություն է ցուցաբերվել տեղում: Ճամբարում ընդհանուր առմամբ 189 երեխա է եղել։

Նախնական տվյալներով՝ ճամբարում հրդեհը բռնկվել է լույս հուլիսի 23-ին՝ վրաններից մեկում տեղադրված անսարք ռադիատորի պատճառով։

Ճամբարի տնօրենը ձերբակալվել է:

Խաբարովսկի երկրամասում երեխաների մահվան կապակցությամբ հուլիսի 24-26-ը սուգ կհայտարարվի: