Գերմանիայում Ադրբեջանից ներգաղթյալները սկսել են ինքնասպանության փորձեր կատարել՝ արտաքսման սպառնալիքի պատճառով

14:14 • 23.07.19

Վերջին 10 օրերի ընթացքում երեք ադրբեջանցի ներգաղթյալ Գերմանիայում ինքնասպանության փորձ է կատարել՝ իշխանությունների կողմից նրանց արտաքսելու մասին որոշումների ընդունման հետ կապված: Նրանցից մեկը մահացել է։ Այս մասին հայտնում է minval.az-ը՝ Գերմանիայում գործող Leqat ինտեգրման կենտրոնի ղեկավար Ալովսաթ Ալիևի տարածած հաղորդագրությանը հղումով:

Նրա խոսքով՝ վերջին դեպքը գրանցվել է մի քանի օր առաջ՝ Դեգենդորֆ քաղաքում:

Փախստականների ճամբարում բնակվող Խումայ Մամեդովան ինքնասպանության փորձ է կատարել դեղամիջոցներ ընդունելով, որպեսզի նրան այլ երկիր չհանձնեն։ Կնոջը չի հաջողվել փրկել:

Հոգեբուժարանում բուժում ստացող ևս երկու կանայք ինքնասպանության փորձ են կատարել:

Ալովսաթ Ալիևի խոսքով՝ վերջին 3 ամսում Դուբլինյան պայմանագրի գործողություններից խուսափելու համար 7 մարդ ինքնասպանության փորձ է կատարել:

Դուբլինյան համաձայնագրի պայմանների համաձայն՝ փախստականը պետք է, առաջին հերթին, ուղևորվի այն երկիր, որը նրան վիզա է տրամադրել, և այնտեղ ապաստան խնդրի:

Ադրբեջանից ներգաղթյալների մեծ մասը Գերմանիա են ժամանում այլ երկրների մուտքի արտոնագրերով։