Հնդկաստանի տասնյակ գյուղերում վերջին 3 ամիսներին աղջիկ երեխաներ չեն ծնվել. իշխանությունները սեռով պայմանավորված հղիության ընդհատումների աճի մտավախություն ունեն

17:52 • 23.07.19

Հնդկաստանի իշխանությունները պարզել են, որ Ուտտարակխանդ նահանգի տասնյակ գյուղերում վերջին 3 ամիսներին ծնված երեխաներից ոչ մեկն աղջիկ չէ, գրում է Daily Mail-ը: Նահանգի իշխանությունները մտավախություն ունեն, որ ծնողները սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներ են իրականացնում:

Սկզբում առանձնացվել է 132 գյուղ, որտեղ աղջիկ երեխաների ծնունդ բոլորովին չի գրանցվել, և այդ տարածքները «կարմիր գոտու» կարգավիճակ են ստացել, սակայն ավելի ուշ հաղորդվել է, որ խնդիրը վերաբերում է միայն 82 գյուղի, որոնցից 16-ում վերջին ամիսներին աղջիկ երեխա չի ծնվել, մինչդեռ մյուս 66-ում ծնված տղաների քանակը գերազանցում է աղջիկների քանակին:

Հնդկաստանում սեռով պայմանավորված աբորտներն օրենքով արգելվել են 1994թ.-ին, սակայն դեռևս հաճախակի բնույթ են կրում: Այս երկրում աղջիկ երեխաներին դիտարկում են որպես ֆինանսական բեռ, մինչդեռ տղա երեխաներն ավելի գերադասելի են, քանի որ նրանք ընտանիքում հաց վաստակողի դեր են ստանձնում:

Հայտնի է, որ 2013թ.-ին Հնդկաստանի գերագույն դատարանի դատավորները 7 նահանգների վերաբերյալ սեռով պայմանավորված  հղիության արհեստական ընդհատումների մտավախություն են հայտնել:

UNICEF-ի տվյալներով՝ Հնդկաստանոււմ տղա երեխաներին նախապատվություն տալը միլիոնավոր աղջիկ երեխաների կյանքեր է խլում: Ամբողջ երկրում օրական 2000 ապօրինի աբորտ է արվում: