Հրահանգ են ստացել նաև դատավորներին ճզմելու քննարկումներ անել. չկա հրահանգ, չկա քննարկում. Տիգրան Պասկևիչյան

18:05 • 23.07.19

Խոսքն ու մամուլը հայաստանում ազատ են և միշտ, բոլոր ժամանակներում էլ ազատ են եղել բովանդակությունն ազատ չէ. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց սցենարիստ, լրագրող Տիգրան Պասկևիչյանը:

«Այդ խոսքն ու մամուլը չունեն բովանդակություն: Այս ամբողջ պատմությունը նրա մասին է, որ Հանրային հեռուստընկերությունը պետք է օժտվի բովանդակությամբ, բովանդակություն պետք է ստանա: Թե չէ ով ում մասին ուզում, խոսում է: Հանրային հեռուստաընկերությունը 15 տարի հետո հաղորդում է անում և քննարկում Հյուսիսային պողոտայի խնդիրները: Ասում ես՝ էս ի՞նչ եք անում, ասում են՝ իսկ ի՞նչ է մենք իրավունք չունենք Հյուսիսային պողոտայի խնդիրները քննարկել: Ուղղակի հրահանգ են ստացել: Հրահանգ են ստացել նաև դատավորներին ճզմելու քննարկումներ անել. չկա հրահանգ, չկա քննարկում»,-ասաց Պասկևիչյանը:

Հարցին էլ՝ հանրությունն ունի՞ ինչ-որ միջոց Հանրայինի հարթակից բացի ներկայացնի իր պահանջները Հանրայինին, որն իր հարկերով է ձևավորվում, նա պատասխանեց. «Եթե հեռուստատեսույթունը հանրային է իրականում, այլ ոչ թե անունով, ապա Հանրային հեռուստաընկերության համար հանրությունը պետք է լինի ոչ թե լսարան, ոչ թե սպառող, այլ ռեսուրս: Լսարան, սպառող հեռուստադիտող, կարող է լինեն մասնավոր հեռուստաընկերությունների համար, որոնք բիզնես շահեր են հետապնդում:

Սա պետությունից, հանրության մանր-մանր հարկերից գոյացած գումարներով ֆինանսավորվող գործող մի կառույց է, որը պետք է անընդհատ ներթափանցման մեջ լինի հանրության հետ»,- ասաց նա: