Արագիլների մի մասը մի քիչ ակտիվացել է, կարողանում է թռչել, մի քանի օր առաջ ավելի թույլ էին. լաբորատոր արդյունքները ցույց կտան՝ ինչու են Հովտաշենում թռչունները սևացած

13:52 • 23.07.19

Արագիլների մի մասը մի քիչ ակտիվացել են, կարողանում են թռչել, մի քանի օր առաջ ավելի թույլ էին. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը:

Նա նշեց, որ դեռևս վերջնական լաբորատոր ուսումնասիրության արդյունքները չկան՝ հստակ ասելու, թե ինչի պատճառով են Արարատի մարզի Հովտաշեն համայնքում արագիլները  սևացած և յուղոտված փետուրներով և չեն կարողանում թռչել:

«Խնդիր ունենք, տարբեր վարկածներ կան, բայց վերջնական դա կորոշի փորձագիտական եզրակացությունը, բայց դրանում այսօր որևէ մեկին մեղադրել արդար չէ, որովհետև մենք գործ ունենք չհսկվող կենդանիների հետ, և ցանկացած բան կարող է լինել: Այսօր միանշանակ ասել, որ այսինչ տեղից այսինչ պատճառով է, սխալ կլինի: Բայց խնդիր ունենք, համեմատաբար թույլ են կենդանիները, դժվարանում են թռչել»,-ասաց նա:

Հայկազ Տերտերյանը նկատեց, որ միանշանակ ջերմաստիճանի բարձրացումը կապ ունի: «Չգիտեմ անոմալ շոգն է պատճառը, թե ինչը, բայց թռչունները շատ են մտնում ջրերը իրենց հովացնելու համար ու իրենց վրա անընդհատ կեղտ են վերցնում ջրից, իսկ ջրի մեջ տարբեր նյութեր կարող են լինել, որն էլ հետևանք է իրենց կեղտոտվելուն: Իսկ եթե ջրի մեջ էլ պատահաբար ուրիշ նյութ է լինում, պարզ է, որ փետուրներն ավելի է չոր դարձնում և հարմար չի տեղաշարժվելուն»,-պարզաբանեց մարզպետարանի աշխատակիցը:

Տերտերյանը նշեց, որ նմուշները տարվել են փորձագիտական եզրակացության, անհրաժեշտության դեպքում՝ նորից կտանեն և պատասխանը ստանալուց հետո եզրակացություններ կանեն:

Նշենք, որ տեսչական մարմնի աշխատակիցները յուղոտված փետուրներով 1 արագիլ տեղափոխել են ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ՝ պարզելու, թե ինչ նյութերով են աղտոտվել թռչունները: Արագիլները այդ վիճակի պատճառով ո՛չ կարողանում են թռչել, ո՛չ էլ սնունդ հայթայթել ձագերի համար։ Ըստ ՊՈԱԿ-ի եզրակացության՝ արագիլների փետուրներին սննդային յուղ է, իսկ թե որտեղից է ծագում այն, դեռ պարզվում է։

Տեսչական մարմինն այժմ իրականացնում է Հրազդան գետի և Արարատի մարզի Հովտաշեն համայնքին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշխատանքներ՝ ջրերի աղտոտվածությունը պարզելու նպատակով: Ուսումնասիրություններ են իրականացվում նաև տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտներից արտահոսող կեղտաջրերի մասով:

Հովտաշեն համայնքի ղեկավար Սուրեն Մկրտչյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ նախարարությունից, ընդերքի տեսչությունից գալիս են, ուսումնասիրություններ են անում և սպասում են արդյունքներին:

«Բնապահպանական կառույցներից, տեսչությունից գալիս են, պատկան մարմինների հսկողության տակ է, բնապահպանական հասարակական կառույցներից էլ են եկել՝ մաքրեցին, լողացրին, համայնքի բնակչությունն էլ է օգնում, էսա իրավիճակը»,- ասաց Մկրտչյանը և նշեց, որ համայնքում 30-ից ավելի արագիլի բույն կա: