Բագրատաշենի անցակետի կուտակումները կլուծվեն, եթե տեսուչների թիվն ավելանա. տեսուչները գերծանրաբեռնված են (տեսանյութ)
12:40
Բագրատաշենի անցակետում թրեյլերների (մի քանի ավտոմեքենաներ տեղափոխող քարշակ) կուտակումներից ազատվելու համար անհրաժեշտ է տեսուչների թվի ավելացում:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը մաքսակետի պետ Գեղամ Վանունուն ասաց, որ արձանագրում են՝ տեսուչների ավելացումն անհրաժեշտություն է:
«Մոտ 7 տեսուչ նվազագույնը պետք է ավելանա գոնե պիկ ժամերին»,- ասաց նա և խոստացավ, որ խնդրով անմիջապես կզբաղվի, անձամբ կխոսի ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ:
Ապա ԱԺ պատգամավորները շրջեցին անցակետով, ծանոթացան բոլոր խնդիրներին: Տեսուչներից Մելքումյանը հետաքրքրվեց՝ ինչն է խանգարում, որ փաստաթղթերը ժամանակին ձևակերպվեն: «Մենք 20-25 րոպե է՝ այստեղ ենք, դեռ բոլոր թրեյլերները կանգնած են»,- նկատեց Մելքումյանը:
Վանունին էլ ասաց, որ մեկ թրեյլերի վրա 10 մեքենա է, մեկ թրեյլերի հետ կապված ամբողջ գործընթացը 100-150 րոպե է տևում:
Մելքումյանն էլ նշեց, որ պատուհանների խնդիր չկա, և ևս մեկ անգամ շեշտեց, որ խնդիրը լուծելու համար պետք է տեսուչների թիվն ավելացվի:
Մաքսակետի պետը համաձայնեց՝ տեսուչներն աշխատում են գերծանրաբեռնված:
12:04
Հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետում կուտակումներ են։
Երեկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Բագրատաշենի մաքսակետի հերթերին և լուսանկարներ հրապարակել:
Նա նշել էր, որ խոսքը բեռնափոխադրումներով զբաղվող եւ մեքենաներ ներմուծողների մասին է, որոնց սպասարկում են ընդամենը 4 աշխատակից։
Բագրատաշենի անցակետում են նաև ԱԺ պատգամավորներ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը։










