Ավստրալիայում 140 մլն դոլարի թմրանյութեր տեղափոխող մեքենան բախվել է ոստիկանական մեքենային, վարորդը ձերբակալվել է (տեսանյութ, լուսանկարներ)

12:59 • 23.07.19

Ավստրալիայում երիտասարդ վարորդը, որը թմրանյութերի խոշոր խմբաքանակ է տեղափոխելիս եղել, մեծ արագությամբ ընթանալիս բախվել է Սիդնեյի ծայրամասում գտնվող Իսվուդ շրջանում ոստիկանական բաժանմունքի մոտ կայանված պարեկային մեքենային: Այս մասին հաղորդում է news.com.au-ն:

Հանցագործին հաջողվել է փախչել հանցագործության վայրից, սակայն արդեն մեկ ժամ անց նա ձերբակալվել է: Մեքենայի խուզարկության ընթացքում ոստիկանությունն ավելի քան 275 կգ «Մետամֆետամին» տեսակի թմրանյութ է գտել:

Ոստիկանության համաձայն՝ տեղական «սև շուկայում» թմրանյութերի այդ խմբաքանակի արժեքը կարող էր կազմել առնվազն 200 մլն ավստրալական դոլար (մոտ 140 մլն ԱՄՆ դոլար):

Սիդնեյի 28-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել թմրանյութերի ապօրինի տարածման և տրանսպորտային միջոցն անզգուշորեն վարելու համար: Այս գործով առաջին դատական լսումը տեղի կունենա առաջիկա օրերին։