ԱՄՆ-ում մահացել է Ռոբերտ Մորգենթաուն՝ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարի ջատագով Հենրի Մորգենթաուի թոռը
Նյու Յորքում 99 տարեկան հասակում՝ հարյուրամյա հոբելյանից 10 օր առաջ, մահացել է ամերկացի պետական գործիչ, իրավաբան Ռոբերտ Մորգենթաուն: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն:
Նրա պապը՝ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն (1913-1916), Առաջին աշխարհամարտի տարիներին ակտիվորեն պայքարում էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար:
«Իրենց պատմության ողջ ընթացքում հայերը մեծ քաջություն են ցուցաբերել՝ զավթիչներին դիմագրավելու համար՝ Զեյթունի ապստամբությունը, Վանի ինքնապաշտպանությունը և, իհարկե, հայերի պատմական հերոսամարտը Մուսա լեռում: Այդ բոլորն արտահայտում են հպարտ, հոգով անպարտելի ժողովրդի վճռականությունը, որը մտադիր չէր հրաժարվել իր հավատից և անհատականությունից», - Ռոբերտ Մորգենթաուի ելույթից հատված է մեջբերվում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքում:
Ռոբերտ Մորգենթաուն ծնվել է 1919 թվականի հուլիսի 31-ին Նյու Յորքում: 1961-ին նախագահ Ջոն Քենեդին նրան նշանակել է Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազի պաշտոնում: 1974-ին առաջին անգամ ընտրվել է Մանհեթենի շրջանային դատախազ: 2009-ին նա հայտարարել էր, որ այլև չի պայքարի 10-րդ անգամ այդ պաշտոնը զբաղեցնելու համար:










