Լոս Անջելեսում կայացել է «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ)

15:50 • 23.07.19

Հուլիսի 22-ի երեկոյան ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում տեղի է ունեցել Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր դերերում նկարահանվել են Լեոնարդո դի Կապրիոն, Բրեդ Փիթը, Մարգո Ռոբբին, գրում է woman.ru-ն:

Ֆիլմի փակ ցուցադրությանը ներկա են եղել մի շարք աստղեր՝ դերասաններ, երգիչներ, պրոդյուսերներ, այլք:

Ֆիլմի պրեմիերայի շրջանակում կարմիր գորգին են հայտնվել Բրիթնի Սփիրսը՝ իր երիտասարդ սիրեցյալ Սեմ Ասղարիի հետ, թոփ մոդել Ադրիանա Լիման, ռեփերներ Սնուփ Դոգը և Թրևիս Սքոթը, դերասան Փիրս Բրոսնանը՝ որդու հետ,  այլ հայտնիներ:

Երկու ամիս առաջ ֆիլմն արդեն ցուցադրվել է Կաննի կինոփառատոնի մրցութային դիտումների ժամանակ: 

Ֆիլմը, որում իրադարձությունները ծավալվում են 1969թ. Լոս Անջելեսում ու պատմում են տխրահռչակ մարդասպան Չարլզ Մենսոնի հանցանքների մասին, քրեական դրամա է: Դի Կապրիոն մարմնավորում է դերասան Ռիք Դալթոնին, որը Մենսոնի զոհերից մեկի՝ դերասանուհի Շերոն Թեյթի հարևանն է:

Դի Կապրիոյից և Փիթից բացի, ֆիլմում նկարահանվել են Մարգո Ռոբբին, Ալ Պաչինոն, Դակոտա Ֆենինգը, Լենա Դանեմը, Լյուք Փերին: Ֆիլմի սցենարը գրել է Տարանտինոն: 

ԱՄՆ-ում ֆիլմը վարձույթում կհայտնվի հուլիսի 26-ին:
























Լոս Անջելեսում կայացել է «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ)