Իրենց գործին չտիրապետող համայնքապետեր կան, բնակիչների հիմնական բողոքները եղել են Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավարից. Վայոց Ձորի մարզպետ

23:00 • 23.07.19

Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը մարզի համայնքապետերին հակահեղափոխական չի որակում, փոխարենը ոմանց կոչում է իրենց գործին չտիրապետող, չարաշահում կատարող համայնքի ղեկավարներ: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ բնակիչների բողոքները հիմնականում լինում են Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավարից:

«Հիմնական բողոքները լինում են Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավարից, եղել են չարաշահումներ, որոնք արդեն վերականգնել է»,- ասաց նա:

Նա գիտի, որ հանրաքվեի միջոցով համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու նախագիծը հետ է կանչվել հակասահմանադրական լինելու պատճառով, բայց կարծում է, որ համայնքի ղեկավարին մինչև պաշտոնավարման ավարտը պաշտոնանկ անելու համար քաղաքացիներին այլ գործիք է հարկավոր:

«Ոչ թե ինձ է հարկավոր, այլ գյուղացիներին, մարդկանց, ովքեր դժգոհ են, որովհետև դա հնարավորություն է մարդկանց համար որևէ կերպ ազատվել չաշխատող համայնքի ղեկավարից: Ինչո՞վ է մեղավոր այն քաղաքացին, որ վստահել ու ընտրել է X անձի, բայց նրա չաշխատելու դեպքում հնարավորություն չունի ազատվել իր ընտրությունից: Նման հնարավորություն պետք է տալ քաղաքացիներին, որպեսզի սխալ ընտրության դեպքում ընտրելու հնարավորություն ունենա»,- շարունակեց Սարգսյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ բոլոր իշխանությունների ժամանակ արդի համարվող խնդրին՝ կապված համայնքների համաչափ զարգացման հետ, Սարգսյանն ասաց, թե այսօր առանձին ուշադրություն է դարձվում մարզերին՝ սկսած մշակութային հարցերից: Նա նկատեց, որ տոնակատարություններ կազմակերպելուց էլ հանրապետությունում ռեսուրները հավասար են բաշխվում: Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ քաղաքացին իր կյանքում շեշտակի փոփոխություն զգալու համար պետք է նախաձեռնող ու աշխատասեր լինի:

«Յուրաքանչյուր մարզ ընտրում է զարգացման իր ուղղությունը, և ներդրումներն ուղղվելու են ըստ տվյալ մարզի առաջնահերթության: Մարզերը զարգանալու ուղղությամբ ջանք չենք խնայում: Ինչ վերաբերում է զարգացման հեղափոխական ծրագրերին, ասեմ, որ նման վերամբարձ բառով չեմ արտահայտվի: Ներդրվելու են տուրիզմը զարգացնելու ծրագրեր, և  քաղաքացին այս պարագայում ինքն իր աշխատանքով պետք է այդ փոփոխությունն զգա, չաշխատող քաղաքացին երբեք իր կյանքում որևէ փոփոխություն չի զգալու»,- ընդգծեց Տրդատ Սարգսյանը:

Դիտարկմանը, որ աշխատելու համար աշխատատեղ է հարկավոր, զուգահեռ նաև գյուղացին մթերման խնդիր ունի, Տրդատ Սարգսյանն արձագանքեց. «Այսօր մթերման խնդիր չկա: Ես նաև գյուղացիների հետ հանդիպման ժամանակ եմ ասել, որ արտադրեն որակյալ ապրանք ու անձամբ ամեն ինչ կանեմ, որ մթերման խնդիր չլինի: Անորակ ապրանքը խնդիրներ կունենա, իսկ որակյալ ապրանքը ներկրող  ու գնորդը կվերցնի»:

 

ՀեղինակԱնի Օհանյան