ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցում պարեկություն անելու նպատակով կոալիցիա կստեղծի
ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցում պարեկություն անելու համար կոալիցիա կստեղծի: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ WFTV 9 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ պարեկության նպատակն առևտրային ուղիները բաց պահելը կլինի:
«Կոալիցիային կանդամակցեն ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից: Սա սանձահարման գործողություն է»,- հայտարարել է Պոմպեոն:
Նա հիշեցրել է նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը, այն է՝ ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմ չի ցանկանում:
«Մենք պարզապես ցանկանում ենք, որ նրանք դադարեցնեն ահաբեկչական գործունեությունն ամբողջ աշխարհում: Մենք աշխատում ենք Իրանի ղեկավարության պահվածքը փոփոխելու ուղղությամբ»,- ընդգծել է պետքարտուղարը:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ի երեկոյան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Հորմուզի նեղուցում՝ Իրանի տարածքային ջրերում, բրիտանական լցանավ էր կալանել՝ այն ուղեկցելով Բենդեր Աբբաս նավահանգիստ: Լցանավի անձնակազմի 23 անդամները շարունակում են մնալ նավի վրա: Իրանական իշխանությունները հայտարարել են, որ նրանք ողջ-առողջ են:
Այս միջադեպն իրանական իշխանությունների պատասխանն էր հուլիսի 4-ին Մեծ Բրիտանիային պատկանող Ջիբրալթարի նեղուցի մոտ իրանական նավթային լցանավի կալանմանը: Grace 1 նավին կասկածել էին ԵՄ-ի՝ Սիրիայի դեմ պատժամիջոցների խախտման համար:










