Յարոսլավլում 10 տարի բնակված հայ տղամարդուն դուրս են հանում հանրակացարանի իր սենյակից

23:16 • 24.07.19

Ռուսաստանի Դաշնության Յարոսլավլ քաղաքում բնակվող 46-ամյա Էդվարդ Հակոբյանը կարող է մնալ առանց բնակարանի և հանրակացարանի իր սենյակի, որտեղ ապրել է 10 տարի:

Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, հանրակացարանում սենյակ նա ստացել է 2006 թվականին՝ կոմերցիոն վարձակալման մասին պայմանագրի համաձայն, որը կնքվել էր յարոսլավլյան ձեռնարկություններից մեկի հետ:

2011-ին աշխատակցին կրճատել են, սակայն դուրս չեն հանել իրեն հատկացված սենյակից: Որոշ ժամանակ անց տղամարդը որոշել է կացարանի սոցիալական վարձակալման մասին պայմանագիր ձևակերպել, սակայն դրան հաջորդել է գործատուի հայցադիմումը՝ դուրս գալու պահանջով, որը դատարանը բավարարել է:

«Ես ոչ ոք և ոչինչ չունեմ: Իմ իրերը հավաքված են, ես պատրաստվում եմ հանդիպել դատական կատարածուներին, որպեսզի ինձ դուրս հանեն տնից»,- Հակոբյանին մեջբերում է տեղի հեռուստաալիքը:

Միևնույն ժամանակ քաղաքի թաղամասային վարչակազմից հայտնել են, որ Էդվարդ Հակոբյանը հաշվառման մեջ է գտնվում սոցիալական վարձակալմամբ կացարան ստանալու համար: Այժմ տղամարդը նոր աշխատանք և կացարան է փնտրում՝ սպասելով վարձակալմամբ կացարան ստանալու իր հերթին: