Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը շուտով կանցնի գործի՝ վերհանելու ՃՏՊ-ների հանգեցնող խնդիրները. Ոստիկանապետը՝ ՃՏՊ-ների թվի աճի մասին
Վարչապետի հանձնարարականից հետո մենք էլ ավելի ենք խստացրել ճանապարհատրանսպորտային ծառայությունը. լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ անդրադառնալով ՃՏՊ-ների թվի աճին և այն հարցին, որ ոստիկանությունն իր գործառույթները չի կատարում այս մասով:
Նա նշեց, որ իր կողմից կա համապատասխան հանձնարարական, և ՃՈ ծառայողները բացառել են հանդուրժողականությունը այս հարցում:
«Նաև վարչապետի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբը, որը շուտով կանցնի գործի, վեր կհանեն բոլոր խնդիրները: Բացի այդ, նաև վստահեցնում եմ, որ այստեղ միայն ՃՈ-ից և ոստիկանությունից չի կախված, բազմաթիվ խնդիրներ կան, նաև կան գերատեսչություններ, որոնք ուղիղ կապ ունեն այս ամենի հետ»,-ասաց նա:
Թե որոնք են ճանապարհատրանսպորտային պատահարների հանգեցնող խնդիրը, Օսիպյանը թվարկեց՝ վատ լուսավորությունը, ճանապարհների վատ լինելը, ճանապարհային նշանների բացակայությունը կամ դրանց տեսանելի չլինելը, եղանակային պայմանները, տրանսպորտային միջոցների ոչ տեխնիկական վիճակին համապատասխան լինելը:
«Մեր ժողովրդի մոտ «տեխասմոտր» գաղափարը կրում է ոչ թե ձևական բնույթ, այլ որևէ տեսակի բնույթ չի կրում. մեքենան ամեն տարի պետք է զննվի և համապատասխանեցվի գործարանային տվյալներին»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե ՃՈ-ն վատ է աշխատում, Վալերիյ Օսիպյանն արձագանքեց՝ վատ աշխատելու պարագայում ինչպե՞ս է ստացվել, որ այս տարի ավելի շատ խախտում են հայտնաբերել, քան անցած տարի:
«Գումարած այս ամենին նաև տրանսպորտային միջոցների աննախադեպ ներմուծումը ՀՀ»,-նկատեց նա և նշեց, որ լուրերով տեսել է՝ անցակետում ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ մեկ օրում մինչև 300 տրանսպորտային միջոց է ներմուծվում ՀՀ:
«Պատկերացնո՞ւմ եք՝ նախադեպ չունեցող վիճակ է»,-ասաց նա և նշեց, որ ճանապարհները ֆիզիկապես ի վիճակի չեն տեղավորել այդքան տրանսպորտային միջոցներ:
Դիտարկմանը, թե ՃՏՊ-ներից զոհերի թիվը շատ է, ոստիկանապետը նշեց, որ դա գալիս է նաև տրանսպորտային միջոցների հնամաշ լինելուց:
«Վստահեցնում եմ ձեզ՝ բալային համակարգը կյանքի կոչելու պարագայում բավական ձեռքբերում կունենանք հենց առաջին ամսից: Մենք ամփոփագրեր ենք ստանում և ամեն օր տեղեկություն է լինում, որ ուղիղ երթևեկելիս մեքենան կողաշրջվել է և ձորն է ընկել. բարձր արագության տակ հնամաշ դետալները չեն դիմանում՝ առանց որևէ պատճառի, 60-70-ականների արտադրության մեքենաներ են, որոնք տեխզննում չեն անցնում»,-ասաց ոստիկանապետը և հավելեց՝ ինքը չի ասում, թե թերացում չունեն, բայց միաժամանակ կարծիք հայտնեց՝ ամբողջը հասցեագրել ոստիկանությանը ճիշտ չէ:
«Իսկ տեխզննումը դա ոստիկանության խնդիրը չէ, սա տրանսպորտի նախարարության խնդիրն է, բայց մենք նույնպես մտահոգված ենք, և կարծում եմ՝ այստեղ էլ պետք է փոփոխություն լինի»,-ասաց նա:










