Ոստիկանությունը «դուխով» է, կաշկանդված չէ, բայց նույն հաջողությամբ` անպաշտպան. Վալերիյ Օսիպյան
ՀՀ ոստիկանություն այսօր էլ ավելի պատրաստակամ ու «դուխով» է, հանդուրժող ու կաշկանդված չէ, ուժեղ է, բայց նույն հաջողությամբ՝ անպաշտպան է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Նա չհերքեց, որ խնդիրներ կան, ինչը պայմանավորեց օրենսդրական բացով:
«Այսօր կան պատգամավորներ, որոնք իրենց նախաձեռնությամբ մշակում են օրենսդրական փոփոխություններ, որը ես ողջունում եմ, քանի որ այն ավելի կուժեղացնի ոստիկանության աշխատողի ծառայություն ու գործառույթային պարտականությունը»,- ասաց նա:
Օսիպյանը շեշտեց, որ իր համար անթույլատրելի է ոստիկանին վիրավորելը, բռնության ենթարկելն ու անպատիժ մնալը: Նա հավելեց, որ էր սա էլ օրենսդրական բաց է, որ միշտ եղել է: Ոստիկանապետը հայտարարեց, որ ոստիկանները վախկոտ ու կաշկանդված չեն:
«Վախեցող ոստիկանը մեկ տարի գիշեր-ցերեկ սահման կպահի՞, մեկ տարվա կտրվածքով մի դեպք չի արձանագրվել: Ոստիկաններից այն կարգի գոհ են, որ որոշ ծառայողների խնդրում են, որ տեղափոխենք պաշտպանության նախարարություն: Բա վախկոտ ոստիկանը կարո՞ղ է երկիրն այդպես պատվով պաշտպանել: Չեմ ուզում ասել, որ նախկին ոստիկանապետերը վատ են եղել, բոլորից լավ ու պուպուշը ես եմ, ոչ: Բոլոր ժամանակներում եղել են ու լինելու են դեպքեր. քանի դեռ կա հանցագործություն, լինելու է հանցագործ-ոստիկան բախում: Ինչի նախկինում ոստիկանի գլուխ չե՞ն ջարդել, նախկինում ոստիկան չե՞ն սպանել օրը ցերեկով»,- ընդգծեց Վալերիյ Օսիպյանը:










