Բոլորն ասում են՝ կօգնեն, բայց որևէ մեկը չի օգնում. Արմենակ Ուրֆանյանի անվան հիմնադրամն ունի բազմաթիվ նախագծեր, սակայն ֆինանսական միջոցներ չունի . Համեստ Ներսիսյան
Ապրիլյան պատերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի անվան հիմնադրամն ունի բազմաթիվ նախագծեր ու ծրագրեր, սակայն չունի ֆինանսական միջոցներ: Tert.am-ի հետ զրույցում ասաց Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը:
Նրա խոսքով՝ միայն օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի համերգից գոյացած հասույթն է փոխանցվել հիմնադրամին, ֆինանսական այլ աջակցություն իրենք չեն ունեցել:
«Ունենք ֆինանսական քիչ միջոցներ, որոնք մնացել են տիկին Պապյանի փոխանցած գումարից: Դրանով էլ իրականացնում ենք փոքր ծրագրեր: Հիմնականում մասնակցում ենք զոհված տղաներին նվիրված միջոցառումներին, աջակցություն ենք տրամադրում այդ միջոցառումներին: Տոն օրերին փորձում ենք այդ ընտանիքների երեխաներին նվերներ գնել: Հիմա պատրաստվում ենք Ապրիլյան պատերազմին զոհված տղաների ծնողների հետ գնալ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, փորձենք ապահովել նրանց հանգիստը: Պետք է ֆինանս ունենալ տարբեր ձեռնարկումներ իրականացնելու համար»,-ասաց նա:
Համեստ Ներսիսյանը նշեց, որ ցանկանում են զոհված տղաների ընտանիքների համար բնակարանաշինության ծրագիր սկսել, սակայն չկան համապատասխան ֆինանսական միջոցները. «Մեզ ոչ դիմում են, ոչ հետաքրքրվում են, ոչ ասում են՝ կօգնեն: Պետք է դուք՝ լրագրողներդ օգնեք»:
Հարցին՝ բազմիցս է խոսվել հիմնադրամի ֆինանսական վատ դրության մասին, արդյո՞ք պատկան մարմինները չեն արձագանքում խնդրին, Համեստ Ներսիսյանն ասաց՝ պատկան մարմինների կողմից չկա որևէ արձագանք. «Տիկին Աննա Հակոբյանը կոչ արեց, սակայն որևէ մեկը չարձագանքեց: Բոլորն ասում են՝ կօգնեն, բայց ոչ ոք էլ չի օգնում: Ես վատ կզգամ մարդկանց դիմել: Բոլորն էլ լսել են այս խնդրի մասին: Էլ ի՞նչ դիմեմ»:
Հասարակական-քաղաքական գործիչ Լիլիթ Գալստյանն էլ Tert.am-ի հետ զրույցում նախ ափսոսանք հայտնեց, որ Ապրիլյան պատերազմի սիմվոլներից մեկի՝ Արմենակ Ուրֆանյանի անվան հիմնադրամը չի արժանացել հանրային գնահատանքի:
Գալստյանը նաև նշեց, որ հայաստանյան իրականության մեջ անկեղծ, անաչառ նվիրատվության ինստիտուտն այդպես էլ չի կայացել: Նրա կարծիքով՝ շատ հաճախ նվիրատուներն իրականում հետապնդում են անձնական PR-ի կամ քաղաքական նպատակներ. «Երբեմն տեսնում ենք հարկադրված, դրդված նվիրատվություններ: Քրիստոնեական մոտեցմամբ՝ նվիրատուն երբեք չպետք է հրապարակի իր անունը, բայց Հայաստանում նվիրատվությունը, բարեգործությունը քաղաքական գործիքի է վերածվել»:
Գալստյանի խոսքով՝ շատերի համար նվիրատվությունը նաև քաղաքական ռեաբիլիտացիայի, քաղաքական հավատարմության գործիքակազմից է. «Իհարկե, չեմ ցանկանում կասկածի տակ դնել որևէ հիմնադրամի գործունեությունը, եթե այն ուղղվելու է մշակույթի զարգացմանը, երեխաների առողջության վերականգնմանը, սոցիալապես անապահով խավի աջակցությանը: Ես այս ամենը ողջունում եմ: Բայց այստեղ կա թափանցիկության և հաշվետվողականության խնդիր: Ես ավելի շատ կնախընտրեի, որ պետական ինստիտուտները կայանային, իսկ նվիրատվությունները լինեին ապաքաղաքական և հասցեական»:










