ԱԺ մեծ պատվիրակություն է մեկնել ԱՄՆ, և պարզվում է՝ Արարատ Միրզոյանն ու մյուսներն ընդհանրապես չեն իմացել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրված օժանդակության մասին. Կ. Վրթանեսյան (տեսանյութ)

19:19 • 24.07.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը «Գործընկերների կարողությունների ամրապնդում» ծրագրի շրջանակում 100 մլն դոլար է հատկացնելու Ադրբեջանին և 7 մլն դոլար Հայաստանին։ Համեմատության համար՝ 2018 թ. ֆինանսական տարում Ադրբեջանը ստացել է 58.6 մլն դոլար, իսկ Հայաստանին տրամադրված օժանդակությունը կազմել է 4.2 մլն դոլար:

Անդրադառնալով թեմային՝ «Ռազմինֆո» մասնագիտական կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը Tert.am-ին ասաց, որ նախկինում էլ ԱՄՆ-ն ավելի շատ օգնություն ցուցաբերել է Ադրբեջանին, քան Հայաստանին:

«Ծրագրերն ուղղված են եղել թե՛ զորքերի նախապատրաստությանը, թե՛ սահմանապահ ծառայության բարելավմանը: Այսինքն՝ այդ օգնությունը տրվում է սահմանների ամրապնդման, թմրադեղերի դեմ պայքարի անվան տակ: Խնդիրն այն է, որ այն ծրագրերով, որոնք իբր Հայաստանի դեմ ուղղված չեն, այդ ծրագրերով պատրաստված մարդիկ, օրինակ, մասնակցել են Ապրիլյան պատերազմին: Օրինակ, դատելով ծրագրերի նկարագրությունից՝ շատ միջոցներ ուղղվել են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությանը: Բայց Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն, օրինակ, մասնակցում է նաև Հայաստանի դեմ  գործողություններին: «Ռազմինֆո»-ն գտել էր կոնկրետ ապացույցներ, տեսանյութ, որտեղ երևում է, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ուժերը մասնակցում են Ապրիլյան գործողություններին»,-մանրամասնեց Վրթանեսյանը:

Նրա խոսքով՝ այս ամենից պարզ է դառնում, որ սահմանապահ ծառայությունն ԱՄՆ-ից ստացված օգնությունը կարող է Հայաստանի դեմ օգտագործվել: 

Կարեն Վրթանեսյանը նաև նշեց, որ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրված օգնության մեծ մասը հաստատվել է այն ժամանակ, երբ Հայաստանում ներքաղաքական վիճակը խառն էր. «Այս հարցում, կարծում եմ, շատ ավելի ագրեսիվ պետք է լինի Հայաստանի դիրքորոշումը` hատկապես հիմա: ԱԺ-ի մեծ պատվիրակություն է մեկնել ԱՄՆ ու պարզվում է՝ Արարատ Միրզոյանն ու պատվիրակության այլ անդամներ ընդհանրապես չեն իմացել այս մասին, չնայած՝ պետք է գնային պատրաստված փաթեթներով: Չգիտեմ՝ ով պետք է տրամադրեր նրանց այդ տեղեկությունները, բայց դրանք բաց տեղեկություններ էին ու հնարավոր էր գտնել: Դրանով պետք է զբաղվեր պետական ապարատը: Փաստացի սա աչքաթող է արվել»:

Հարցին՝ «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևն արգելում է Ադրբեջանին տրամադրել ռազմական աջակցություն՝ բացառությամբ սահմանված դեպքերի, այս պարագայում ինչպե՞ս է հաջողվում գտնել շրջանցման ուղիներ, Վրթանեսյանն ասաց՝ համոզված է՝ ծրագրերն իրականացվում են Իրանին չեզոքացնելու, Իրանի դեմ ինչ-որ գործողություններ խրախուսելու, Ադրբեջանի դիրքերը Կասպից ծովում ուժեղացնելու համար:

Վրթանեսյանը նաև նկատեց, որ վերջին տարիներին 907-րդ բանաձևին առանձնապես ուշադրություն չի դարձվում, և այս հարցում ևս հայկական կողմը բավականին շատ անելիք ունի:


Մանրամասները՝ տեսանյութում: