Կոռուպցիայի և ապօրինի գործողությունների համար կասկածվող Աթամբաևը հայտնել է երկիրը լքելու մտադրության մասին
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, որը կասկածվում է կոռուպցիայի և ապօրինի գործողություններ իրականացնելու համար, լրագրողներին հայտնել է երկիրը լքելու մտադրության մասին, գրում է РИА Новости-ն:
Նա մասնավորապես հայտնել է, որ ցանկանում է «մի քանի օրով» Մոսկվա մեկնել, իսկ ուղևորության նպատակների մասին չի մանրամասնել՝ նշելով, որ այդ տեղեկությունը «գաղտնի» է:
Անցած շաբաթ Ղրղզստանի ՆԳՆ-ն Աթամբաևին երրորդ անգամ հարցաքննությանը ներկայանալու ծանուցում էր ուղարկել: Վերջինիս խնդրվում էր վկայություն տալ նրա կողմից քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինի կերպով ազատ արձակելու գործի շրջանակում, սակայն նախկին նախագահը կրկին չի ներկայացել հարցաքննությանը:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Ղրղզստանի խորհրդարանն Աթամբաևին, որը երկիրը ղեկավարել է 2011-2017թթ., զրկել էր անձեռնմխելիությունից՝ նրան քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Ավելի վաղ երկրի խորհրդարանը դատախազությանն էր հանձնել նախկին նախագահի հասցեին արված մի շարք մեղադրանքներ, որը պատրաստվել էր հատուկ պատգամավորական հանձնաժողովի կողմից: Խորհրդարանականների վարկածով՝ Աթամբաևը մեղավոր է Բիշքեկի ջերմաէլեկտրակայանի արդիականացման ժամանակ կոռուպցիայի, հողատարածքի ապօրինի վերափոխման, կեղծ բժշկական փաստաթղթերով քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ազատ արձակելու և մի շարք այլ ապօրինի գործողությունների համար:
Գլխավոր դատախազությունը մասամբ հաստատել է հանձնաժողովի ներկայացրած մեղադրանքները, սակայն չի հաստատել, որ Աթամբաևն ուղիղ կապ է ունեցել իշխանության ուզուրպացիայի, լրագրողների ու քաղաքական ընդդիմախոսներին հալածելու հետ:
Աթամբաևն իր հերթին խորհրդարանականների մեղադրանքներն անհեթեթություն է անվանել՝ հայտարարելով, որ իր խիղճը ժողովրդի առաջ մաքուր է, և որ ինքը պատրաստ է պատասխան տալ երկրի նախագահի պաշտոնում եղած ժամանակ արած գործողությունների համար:
Եթե հետաքննությունը հաստատի Աթամբաևի դեմ հնչած մեղադրանքները, և դատարանը նրան մեղավոր ճանաչի, Ղրղզստանի նախկին ղեկավարին կարող է ցմահ բանտարկություն սպառնալ:










