Հայաստանում հանցագործությունների թիվն աճել է 9 %-ով․ Արմեն Ղուկասյան (տեսանյութ)
Ըստ վիճակագրական տվյալների՝ ՀՀ-ում հանցագործությունների թիվն աճել է 9 տոկոսով՝ 1007 դեպքով, ինչը պայմանավորված է գողությունների աճով։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ Ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը՝ հավելելով, որ գողությունները եղել են ոչ մեծ ծանրության։
«Աճի մոտ 95 տոկոսը բաժին է ընկնում Քրեական դատավարության օրենսգրքի 183 հոդվածով նախատեսված մասնավոր գանգատի դեպքերի շարքին դասվող գողություններին, այսինքն՝ ոչ մեծ ծանրության գողություններին»,- ասաց նա։
Ղուկասյանը դեպքերի աճը պայմանավորում է նաև քաղաքացիների՝ ոստիկանների նկատմամբ վստահության աճով։ Նրա խոսքով՝ հիմա քաղաքացիներն այլևս չեն խուսափում դիմել ոստիկանություն։ Արմեն Ղուկասյանը հավելեց՝ կրկնակի հանցագործություններ են կատարել նաև համաներումով ազատվածները։
«Ազատ արձակված 658 անձանցից 178-ը համաներումից հետո կրկին հանցագործություն են արել»,- մանրամասնեց Ղուկասյանը։
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն էլ հիշեցրեց, որ, ըստ արդարադատության նախարարի տվյալների, բացի համաներումից ազատվածների՝ 1248 նախկին կալանավոր դրսում է եղել։
ՀՀ Ոստիկանության շտաբի պետը շարունակեց ներկայացնել տվյալներ՝ նշելով, որ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նույնպես աճել է՝ 35-ով. դրանք հիմնականում թմրամիջոցների մաքսանենգ ճանապարհով անցկացման դեպքերն են։
«Աճել է նաև ծանր հանցագործությունների թիվը՝ 253-ով, ինչը պայմանավորված է բնակարանային գողությունների ու կաշառքի դեպքերով: Աճել են սպանության և սպանության փորձերի, գողության, ավազակության, խարդախության, տրանսպորտային միջոց փախցնելու դեպքերը: Նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, այդ թվում՝ ծանր վնաս պատճառելու, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված դեպքերը, այդ թվում՝ բռնաբարության»,- ընդգծեց Ղուկասյանը։
Վերջինս նշեց, որ հանցավորության կառուցվածքում մարդու դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժնից տեղափոխվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժին: Նա շեշտեց՝ ոստիկանությունը սա կարևորում է, քանի որ Սահմանադրությամբ մարդու կյանքը բարձրագույն արժեք է։










