Այսօր հնարավոր չէ վարորդական իրավունք ձեռք բերել այլ ճանապարհով, եթե նման փաստ կա՝ անձամբ ձեռնաշղթաներ կհագցնեմ այդ ծառայողների ձեռքերին. Վ. Օսիպյան

13:32 • 24.07.19

Հայաստանում տեղի ունեցող ավտովթարների հարցում մեծ դերակատարություն ունի այն, որ նախկինում անօրինական ճանապարհով վարորդական իրավունքներ են տրվել քաղաքացիներին. լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

«Ես փաստ չունեմ, բայց ես էլ մեր հայրենիքի սրտացավ բնակիչ եմ և տեղեկացված եմ եղել, և ասել են, որ վարորդական իրավունքները ձեռք են բերում այլ ճանապարհներով և մարդը չունենալով համապատասխան գիտելիք, այսօր կոչվում է վարորդ ու ղեկին նստած է»,-ասաց նա:

Վալերիյ Օսիպյանը վստահեցրեց, որ այսօր անհնար վարորդական իրավունք ձեռք բերել զարտուղի ճանապարհով: «Այսօր վստահեցնում եմ, եթե ունեք նման փաստ՝ անձամբ ես ձեռնաշղթաներ կհագցնեմ այդ ծառայողների ձեռքերին և անձամբ խցի դուռը կփակեմ նրանց վրա ... չկա նման բան»,-ասաց նա:

Ոստիկանապետը նաև նշեց, որ վարչապետից հանձնարարական կա՝ բարձրացնել Ճանապարհային ոստիկանության ծառայությունների մակարդակը: Ըստ նրա՝ ՃՈ-ն օգոստոսի 1-ից շաբաթ–կիրակի էլ կաշխատի։

Վալերիյ Օսիպյանը խոսեց բալային համակարգի մասին և նշեց, որ այնտեղ վարորդական իրավունքից զրկելու, վերականգնելու բոլոր դեպքերը հանգամանորեն շարադրված են: «Խիստ է լինելու, ոչ միան զրկել, այլ ընդհուպ մինչև քրեական գործ կհարուցվի»,-ասաց նա: