Թուրքիայում հերքել են Էրդողանի մահվան մասին լուրերը
Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության ղեկավարի խորհրդական Յասին Աքթայը, պատասխանելով РИА Новости-ի հարցմանը, հերքել է երկրի նախագահ և կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մահվան մասին լուրերը:
«Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Ամեն տարի այս ժամանակահատվածում, որպես կանոն, մեր նախագահն արձակուրդում է գտնվում: Նրա բացակայությունն այս ընթացքում բարենպաստ իրավիճակ է ստեղծում նման շահարկումների համար», - գործակալությունը մեջբերում է Աքթային:
Տեղեկությունն այն մասին, որ թուրք առաջնորդը, հնարավոր է, մահացել է սրտի կաթվածից, Twitter-ում հայտնվել էր հուլիսի 21-ին:
Նշվում է, որ կեղծ տեղեկությունը տարածել են արաբական և որոշ իսրայելական լրատվամիջոցներ, սակայն լուրջ թուրքական ԶԼՄ-ներն ուշադրություն չեն դարձրել դրան:
Էրդողանը հանրության առաջ չի երևացել հուլիսի 18-ից, սակայն նրա անունից արվող հայտարարություններ գրեթե ամեն օր են հրապարակվում:










