Իրանական կողմը կալանված բրիտանական լցանավի անձնակազմի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)

10:57 • 24.07.19

Իրանական կողմը կարճ տեսանյութ է հրապարակել Հորմուզի նեղուցում Stena Impero բրիտանական լցանավի անձնակազմի անդամների մասնակցությամբ, որի կալանման մասին հայտնի էր դարձել հուլիսի 19-ին: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:

Կադրերը հրապարակվել են իրանական Fars լրատվական գործակալության կայքում: 

Տեսանյութում, որն աղբյուրը բեմադրված է համարում, երևում են անձնակազմի մի քանի անդամները՝ լցանավի տարբեր հատվածներում: 

Տեսանյութի մի հատվածում նրանք հանդիպման սենյակում քննարկումներ են ունենում, մշակում են լցանավի կառավարման համակարգը, մյուսում՝ ճաշ պատրաստում լցանավի խոհանոցում: Stena Bulk ընկերության մամուլի քարտուղարը, որին պատկանում է լցանավը, CNN-ի հետ զրույցում նշել է, որ նրանք չեն կարող ստուգել տեսանյութի իսկությունը կամ աղբյուրը:

Նշվում է, որ անձնակազմի 23 անդամները Հնդկաստանից, Լատվիայից, Ֆիլիպիններից և Ռուսաստանից են:

Լցանավի հնդիկ քաղաքացիներից մեկի՝ Դիժո Պապպաչանի ընտանիքը CNN-ին ասել է, որ իրենք լցանավի կալանման օրվանից ի վեր ոչ մի տեղեկություն չեն ստացել նրանից:

Հիշեցնենք, որ Հորմուզի նեղուցում Stena Impero բրիտանական լցանավը կալանքի տակ առնելու մասին հայտնի էր դարձել հուլիսի 19-ին: Իրանի իշխանությունները հայտարարել են, որ պատճառ է դարձել «միջազգային կանոնների խախտումը»:

Կալանավորված լցանավը և դրա անձնակազմի բոլոր 23 անդամները գտնվում են Բանդար Աբբասի իրանական նավահանգստում: