Մարկ Էսպերը պաշտոնապես Պենտագոնի ղեկավար է դարձել
Մարկ Էսպերը պաշտոնապես ստանձնել է ԱՄՆ ռազմական գերատեսչության՝ Պենտագոնի նոր ղեկավարի պաշտոնը: Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Սենատը հաստատել էր Էսպերի թեկնածությունը: Դրանով ավարտվել է ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար շրջանը, որի ընթացքում երկրում պաշտպանության հաստատված նախարար չի եղել:
Էսպերը, որը նախկինում զբաղեցրել է ցամաքային ուժերի նախարարի պաշտոնը, Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար էր նշանակվել հունիսի վերջին: Նրանից առաջ այդ պաշտոնը զբաղեցրել էր Պատրիկ Շենահենը, որը, սակայն, նախագահ Դոնալդ Թրամփի կողմից չէր ներկայացվել Սենատի հաստատմանը:
Էսպերը 1986-2007թթ. ծառայել է բանակում, 1991թ.-ին մասնակցել է Պարսից ծոցում պատերազմին: Փոխգնդապետի կոչումով ծառայությունը լքելուց հետո նա աշխատել է առևտրային կառույցներում: 2017թ.-ի նոյեմբերին Սենատի կողմից հաստատվել է ԱՄՆ ցամաքային ուժերի նախարարի պաշտոնում:
Հիշեցնենք, որ Պենտագոնի նախկին ղեկավար Ջեյմս Մեթիսը հրաժարական էր տվել 2018թ.-ի դեկտեմբերի 31-ին:










