Մեքսիկայում ոստիկանները բեռնատարի մեջ փակված 150 ներգաղթյալի են փրկել
Մեքսիկայի ոստիկանությունը տրանսպորտային միջոցում մի քանի օր առանց ուտելիքի և ջրի մնացած 150 ներգաղթյալի է փրկել, գրում է ria.ru-ն՝ հղում անելով Excelsior հարթակին:
Բեռնատարը, որն իբր բանջարեն տեղափոխելիս է եղել, կանգնեցվել է Վերակրուս նահանգում՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար: Ստուգումների ժամանակ ոստիկանները մեքենայից եկող օգնության կանչեր են լսել:
Բացելով այն՝ ոստիկաններն այնտեղ Գվատեմալայի 73, Հոնդուրասի 45, Էլ Սալվադորի 26 և Էկվադորի 6 քաղաքացու են հայտնաբերել, որոնք հայտարարել են, որ մի քանի օր առանց ուտելիքի են մնացել:
Բեռնատարի վարորդն ու նրա հանցակիցը ձերբակալվել են: Ներգաղթյալներին համապատասխան սնունդ է տրամադրվել: Նրանք միգրացիոն կենտրոն են տեղափոխվել՝ հայրենիք վերադառնալու համար համապատասխան փաստաթղթերը ձևակերպելու:










