YouTube-ում մեկ միլիարդ դիտում գրանցելուց հետո Queen հանրահայտ խմբի տեսահոլովակը թարմացվել է

18:34 • 24.07.19

Երաժշտասերներին ներկայացվել է Queen խմբի «Բոհեմյան ռապսոդիա» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի թարմացված տարբերակն այն բանից հետո, երբ այն մեկ մլրդ դիտում է գրանցել YouTube տեսահոսթինգում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով Google-ի մամլո ծառայությանը:

«Queen խմբի երաժշտական տեսահոլովակը՝ Bohemian Rhapsody ստեղծագործության հիման վրա, մեկ մլրդ դիտում է ունեցել YouTube-ում: Սա ամենահին հոլովակն է, որը նման ցուցանիշ է գրանցել և 70-ականների առաջին տեսահոլովակը, որն այդքան մեծ տարածում է գտել օգտատերերի շրջանում», - ասվում է որոնողական հսկայի մամլո հաղորդագրության մեջ:

Հոլովակի նոր տարբերակն առավել բարձր որակով և կատարելագործված ձայնով հրապարակվել է նույն ալիքում՝ պահպանելով «լայքերի» թիվն ու մեկնաբանությունները:  

Երգն ընգրկված է A Night at the Opera («Մեկ գիշեր օպերայում») ալբոմում, որը թողարկվել է 1975 թվականին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բրիտանական հանրահայտ Queen խմբի Bohemian Rhapsody երգի տեսահոլովակը YouTube-ի պաշտոնական ալիքում հավաքել է ավելի քան մեկ միլիարդ դիտում:

YouTube-ում մեկ միլիարդ դիտում գրանցելուց հետո Queen հանրահայտ խմբի տեսահոլովակը թարմացվել է