Կառավարությունը արտոնություն տվեց «Նաիրիան» ընկերությանը. կիրականացվի 130 մլն դրամի ներդրում
Կառավարությունն այսօրվա նիստում արտոնություն տվեց «Նաիրիան» փակ բաժնետիրական ընկերությանը:
Հիմնական զեկուցող էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ ընկերության կողմից ներկրվող ապրանքներն օգտագործվելու են բնական և օրգանիկ կոսմետիկ միջոցների արտադրության մեջ:
«Արտադրամասը գտնվում է Կոտայքի մարզում, ընկերությունը գործում է 2014 թվականից: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել, ընդհանուր առմամբ, 130 մլն դրամի չափով ներդրումներ՝ հիմնականում հումքի ձեռք բերման գծով և ստեղծել 4 նոր աշխատատեղ 150 հազար դրամ միջին աշխատավարձով: Ներկայումս ընկերությունում առակա է 38 աշխատատեղ: Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը պետք է կազմի 320 մլն դրամ, որից 192 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ-ում, իսկ մնացած մասը կարտահանվի ԵԱՏՄ և երրորդ երկրներ»,- ասաց Խաչատրյանը:
Նախարարը նշեց, որ արտոնություն ստանալու համար ներկայացված այս խմբաքանակի արժեքը կազմում է մոտավորապես 68 մլն 700 հազար դրամ, մաքսատուրքի ազատման գումարը կկազմի 7 մլն 290 հազար դրա:
«Ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ 2018 թվականի արդյունքներով կազմակերպության կողմից պետական բյուջե վճարված հարկերի հանրագումարը կազմել է 58 մլն դրամ»,-նշեց նախարարը:










