Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ռուսական նավթային լցանավ է կալանել. ռուսական կողմը պարզում է կատարվածի հանգամանքները՝ սպառնալով «հետևանքներով»
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հինգշաբթի Օդեսայի նահանգի Իզմայիլի նավահանգստում կալանել է NEYMA ռուսական նավթային լցանավը: Ռուսական կողմը պարզում է կատարվածի հանգամանքները՝ «համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու համար»: Այդ մասին ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը:
«Եթե խոսքը ռուսների պատանդառության մասին է, ապա դա կորակվի որպես միջազգային իրավունքի կոպիտ խախտում, և հետևանքներն իրենց սպասել չեն տա»,- հայտնել են գերատեսչությունից:
Կիևում հայտնել են, որ լցանավը մասնակցել է նախորդ տարի Կերչի նեղուցում ուկրաինական ռազմանավերի շրջափակմանը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Նշվել է, որ երեք ուկրաինական նավ ուղղություն է վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով:
Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը: Բացի այդ, ռուսական սահմանապահ նավը վնասել է ուկրաինական քարշակը, որը հետևում էր նավերի խմբին: Այնուհետև Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:
Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: Ուկրաինայի ռազմածովային ուժերի փոխանցմամբ՝ ռուս սահմանապահները նավերը կանգնեցրել են զենքի կիրառմամբ: Դրա հետևանքով վիրավորվել է 3 ուկրաինացի զինծառայող:










