Թրամփը «հարձակվել» է լրագրողի վրա՝ «չափազանց հիմար և անարդար» հարց տալու համար (տեսանյութ)

13:41 • 25.07.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հարձակվել» է NBC News-ի թղթակցի վրա, որը հարցրել է, թե արդյոք նախագահը մտահոգված է, որ իրեն կարող են մեղադրանք առաջադրել պաշտոնից հեռանալուց հետո:

Թրամփը դատապարտել է NBC News-ի թղթակից Հոլլի Ջեքսոնի հարցը, որը նշել էր, որ 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության հարցով նախկին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը ցուցմունք է տվել առ այն, որ Թրամփը կարող է մեղադրվել պաշտոնից հեռանալուց հետո:

Թրամփը լրագրողին մեղադրել է «չափազանց հիմար և անարդար» հարց տալու համար և հավելել, որ Ռոբերտ Մյուլլերն իր խոսքը կեսօրին արդեն իսկ շտկել է:

«Շատ լավ իմանալով, որ նա շտկել է իր խոսքը, կրկին այդ հարցն եք ուղղում: Քանի որ դուք կեղծ լուրեր տարածողներ եք»,- ասել է Թրամփը:

Նշենք, որ Մյուլլերը ետ էր վերցրել ավելի վաղ ցուցմունքների ժամանակ իր հայտարարությունը առ այն, որ Թրամփին չմեղադրելու իր որոշումը հիմնված էր բացառապես Արդարադատության նախարարության քաղաքականության վրա, ըստ որի գործող նախագահը չի կարող մեղադրվել:

Ավելի ուշ, Մյուլլերը Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովին հայտնել էր, որ դա «իրավիճակը ներկայացնելու համար ճիշտ նկարագրություն չէր»:

«Մենք չենք եկել այն եզրահանգմանը, որ նախագահը հանցանք է կատարել»,-հայտնել էր նա: