«Քշի վրեքները». մայր արջն ու քոթոթները սարսափահար փախչում են իրենց հետապնդող մեքենայից (տեսանյութ)
Հուլիսի 24-ին հրապարակվել է տեսանյութ, որն ըստ աղբյուրի նկարահանվել է Վայոց ձորի մարզում։ Տեսանյութում ճանապարհով քայլող 3 արջերը վախեցած փախչում են իրենց հետապնդող մեքենայից, իսկ մեկ այլ մեքենա քիչ է մնում կենդանիներին վրաերթի ենթարկի, տեղեկացնում է Econews.am-ը։
Տեսանյութում երևացող կենդանիները, հավանաբար, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից Վայոց ձորի մարզում բնություն վերադարձված արջն ու երկու ձագերն են։ Կենդանիները բնություն են վերադարձվել Արջերի փրկության ծրագրի շրջանակներում՝ երկարատև վերականգնողական թերապիա անցնելուց հետո։
Այն, որ դեպքը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորում է, վկայում է նաև գործող անձանց խոսակցությունը։ «Քշի վրեքները»,- ասում է նրանցից մեկը, իսկ մայր արջն ու երկու քոթոթները շարունակում են սարսափահար փախչել իրենց հետևող ավտոմեքենայից։
Քիչ անց հայտնվում է նաև երկրորդ մեքենան, որը գրեթե հարվածում է կենդանիներին։ Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում: 92-րդ հոդվածն ասում է. «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»:
Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:










