Ամերիկացի միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնին բանտախցում կիսագիտակից վիճակում են գտել. NBC New York

17:48 • 25.07.19

Ամերիկացի միլիարդատեր և ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնին, որը մեղադրվում է տասնյակ անչափահաս աղջնակների գայթակղելու և մարմնավաճառության մեջ ներքաշելու համար, բանտախցում գտել են «կիսագիտակից վիճակում», հաղորդում է NBC New York հեռուստաալիքը՝ իրազեկ աղբյուրին հղումով:

Էփշտեյնին, որը ներկայում Նյու Յորքի բանտում է գտնվում, գտել են իր խցում սաղմի դիրքով պառկած: Աղբյուրի տվյալներով՝ հավանական է, որ նա ինքնասպանության փորձ է կատարել: Մեկ այլ աղբյուր հաղորդել է, որ նրա վնասվածքները լուրջ չեն եղել, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նա բեմադրել է կատարվածը՝ տեղափոխվելու հույսով:

Հեռուստաալիքի մեկ այլ աղբյուրի խոսքով՝ հարձակման վարկածը նույնպես չի բացառվում: Այդ առնչությամբ հարցաքննություն է տարվում բանտարկյալներից մեկի՝ նախկին ոստիկան Նիկոլաս Տարտալոնեի հետ, որն ազատազրկվել է 4 սպանության և թմրանյութերի տարածման մեղադրանքով: Ինքը՝ Տարտալոնեն, հայտնել է, որ բանից անտեղյակ է:

Տարտալոնեի փաստաբան Բրյուս Բարքերը հայտարարել է, որ իր պաշտպանյալն ու Էփշտեյնը, որոնք մի խցում են պահվում, լավ հարաբերությունների մեջ են եղել: Նա հավելել է, որ նախկինում երկու բանտարկյալները դժգոհել են բանտի վատ պայմաններից:

Հեռուստաալիքի տվյալներով՝ միլիարդատերն այժմ հսկողության տակ է:

Ջեֆրի Էփշտեյնը մեղադրվում է 2002-2005թթ. տասնյակ անչափահաս աղջիկների հետ սեռական կապի մեջ մտնելու համար, որոնց նա ընդունել է Նյու Յորքի և Ֆլորիդայի իր բնակարաններում:

Նա իր զոհերին, որոնցից մի քանիսի տարիքը չի գերազանցել 14-ը, հարյուրավոր դոլարների կանխիկ գումար է տվել՝ պատվիրելով նոր աղջիկների ներգրավել:

Եթե Էփշտեյնի դեմ անչափահասների հետ նրանց սեռական շահագործման նպատակով առևտրի վերաբերյալ մեղադրանքները հաստատվեն, նրան մինչև 40 տարվա ազատազրկում է սպառնում: Հուլիսի սկզբին Նյու Յորքի Մանհեթեն շրջանի դատարանը որոշել էր նրան կալանքի տակ պահել՝ առանց գրավի դիմաց ազատ արձակելու հնարավորության: