Անհայտ անձինք թալանել են Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարարի բնակարանը՝ նրան ու տիկնոջը փակելով զուգարանում

10:27 • 25.07.19

Անհայտ անձինք թալանել են Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Թիերի Բրետոնի փարիզյան բնակարանը՝ վերջինիս տիկնոջ հետ փակելով զուգարանում և տանելով ավելի քան 55 հազար եվրոյի ապրանք: Այս մասին հայտնում է France Info պորտալը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 21-ի գիշերը:

Բրետոնը, որը ներկայում գլխավորում է Atos ընկերությունների խումբը, և նրա կինն արդեն պառկել էին քնելու, երբ երկու սևազգեստ անհայտ անձինք ներխուժել են նրանց բնակարան և սկսել ծեծել զույգին՝ հարվածներ հասցնելով, մասնավորապես, դեմքին:

Այնուհետև գողերը նախկին նախարարին սպառնացել են ատրճանակով՝ պահանջելով բացել չհրկիզվող պահարանը, որտեղ պահված են եղել նրանց զարդերը։ Բրետոնը ենթարկվել է, որից հետո տանտերերին և նրանց վարորդին փակել են զուգարանում:

Հանցագործներն իրենց գործն ավարտին հասցնելուց հետո արագ հեռացել են բնակարանից:

Գողացված իրերի ընդհանուր արժեքը, այդ թվում՝ ադամանդե ապարանջանի ու ոսկու ձուլակտորի, գնահատվում է ավելի քան 55 հազար եվրո:

Միջադեպի հետաքննությամբ զբաղվում են մայրաքաղաքի իրավապահ մարմինները: