«Շերեմետևո» օդանավակայանում Մոսկվայից Երևան մեկնող օդանավը շարժասանդուղքի հետ բախման հետևանքով վնասվել է. ուղևորներին տրամադրվել է այլ օդանավ

13:49 • 25.07.19

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում այսօր առավոտյան Nordwind ավիաընկերության՝ Երևան մեկնող ինքնաթիռի կմախքը շարժասանդուղքը մոտեցնելու ժամանակ վնասվել է, սակայն դա չի անդրադարձել օպերատիվության և ուղևորների սպասարկման որակի վրա: Այս մասին РИА Новости-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ այսօր առավոտյան N4 162 չվերթի ժամանակ Կրասնոդարից Մոսկվա ժամանած ինքնաթիռը, որն այնուհետև պետք է Երևան մեկներ, շարժասանդուղքը մոտեցնելու ժամանակ վնասվել է: Ավիաընկերությունը դադարեցրել է օդանավի թռիչքը՝ տեխնիկական վիճակը գնահատելու համար:

Հաջորդ թռիչքի համար նոր օդանավ է հատկացվել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ նույն ավիաընկերության՝ Մոսկվա – Երևան չվերթի ժամանակ ինքնաթիռի սրահում ծուխ էր հայտնվել: Ուղևորները տարհանվել էին և պահեստային ինքնաթիռով ուղարկվել Երևան: