Աֆղանստանի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացել, կան զոհեր և վիրավորներ

10:31 • 25.07.19

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պաշտոնյաների տեղափոխող ավտոբուսի մոտ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել, 10-ը վիրավորվել են, գրում է Tolo News-ը՝ երկրի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նուսրաթ Ռահիմին հղումով:

Պայթյունն իրականացվել է մահապարտ ահաբեկչի կողմից՝ մոտոցիկլետի միջոցով: Հարձակման թիրախն Աֆղանստանի հանքերի նախարարության աշխատակիցներն են եղել:

Ավելի ուշ Առողջապահության նախարարության խոսնակ Վահիլդուլլահ Մայարը հաղորդել է, որ մայրաքաղաքում ևս 2 պայթյուն է տեղի ունեցել: Այսպիսով՝ այսօր առավոտյան տեղի ունեցած պայթյունների հետևանքով ընդհանուր զոհերի թիվը 7-ի է հասել, վիրավորներինը՝ 21-ի:

Ներկա պահին պայթյունի համար դեռ ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել, սակայն հայտնի է, որ քաղաքում ահաբեկչական պայթյունների հիմնական հեղինակները «Թալիբան» և «Իսլամական պետություն» խմբավորումներն են, որոնք թիրախավորում են Աֆղանստանի ուժային կառույցներին, կառավարության պաշտոնյաներին և իսլամի շիա ուղղության ներկայացուցիչ փոքրամասնություններին:

Հիշեցնենք, որ օրերս մայրաքաղաք Քաբուլի համալսարանի դարպասներ մոտ ռումբ էր պայթել, ինչի հետևանքով 6 մարդ էր զոհվել, ևս 27-ը տուժել էին: