Չինաստանում բլոգերը մահացել է համացանցային հեռարձակման ժամանակ թունավոր միջատներ ուտելիս
Չինաստանում հայտնի դառնալ ձգտող բլոգերը մահացել է համացանցային հեռարձակման ժամանակ թունավոր միջատներ ուտելիս, գրում է metro.co.uk-ը:
Երեսունհինգամյա Սունի դին հայտնաբերել է նրա ընկերուհին: Դեպքի վայր կանչված ոստիկանության աշխատակիցները հաստատել են նրա մահը, ինչպես նաև հայտնել, որ Սունի տեսախցիկը դեռևս միացված է եղել ուղիղ եթերին:
Տղամարդը Չինաստանում մեծ ժողովրդականություն վայելող DouYu հարթակում 15 000 հետևորդ է ունեցել և, ցանկանալով բազմապատկել նրանց թիվը, սեփական խաղն է թողարկել:
Խաղի կանոնների համաձայն՝ ըստ նրա, թե ինչ դիրքով կանգ կառնի պտտվող անիվը, տղամարդը պետք է միջատներ ուտեր կամ թորած լիկյոր խմեր: Հայտնի է, որ մինչև ողբերգական միջադեպը նա հասցրել էր տարատեսակ որդեր, միջատներ ու մողեսներ ուտել:
Այժմ բլոգերի տեսանյութերը հեռացվել են DouYu հարթակից: Ոստիկանները փորձում են հասկանալ՝ ինչն է տղամարդու մահվան պատճառ դարձել: Նրանք, սակայն, բացառել են, որ մահը կարող էր վրա հասնել խաղի պատճառով:










