Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար մոտ 270 մլն եվրո է հավաքվել
Ֆրանսիայում այս տարվա ապրիլին խոշոր հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար ֆրանսիական 4 հիմնադրամների կողմից գրեթե 270 մլն եվրոյի նվիրատվություն է հավաքվել: Դրամահավաքին մասնակցել են հազարավոր դոնորներ՝ ավելի քան 150 երկրներից: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Նշենք, որ ապրիլի 15-ին բռնկված խոշոր հրդեհից հետո Ֆրանսիայի իշխանությունները դրամահավաք էին հայտարարել, որոնցով զբաղվել են 4 կազմակերպություն:
«Ժառանգության հիմնադրամ» կազմակերպության մամուլի ծառայության ղեկավար Լորանս Լևիի խոսքով՝ ընդհանուր առմամբ շուրջ 230 000 դոնորից նվիրատվություն է ստացվել, միայն 100 մլն եվրո հատկացրել է ֆրանսիական Total նավթագազային կազմակերպությունը, 54 մլն եվրո հատկացվել է մասնավոր անձանց կողմից, իսկ մնացած մասն այլ կազմակերպությունների նվիրատվություններ են:
Խոշոր բարերարներից Բեռնար Առնոյի ընտանիքն ու իր Louis Vuitton Moët Hennessy ընկերությունների խումբը և գործարար Ֆրանսուա Անրի Պինոն, որոնք տաճարի վերակառուցման համար խոստացել էին համապատասխանաբար 200 և 100 մլն եվրո հատկացնել, մինչ այժմ միայն 10-ական մլն եվրո են նվիրաբերել, ընդ որում՝ նշվում է, որ խոշոր կազմակերպությունները սովորաբար ամբողջ խոստացված գումարը միանգամից չեն փոխանցում, այլ մաս-մաս՝ ըստ անհրաժեշտության:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով այն մեծապես վնասվել էր, սակայն հիմնական շինությունը հաջողվել էր փրկել: Հրդեհի պատճառը, ըստ երևույթին, տաճարի ներսում ընթացող շինարարական աշխատանքներն են եղել:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր տաճարը 5 տարում վերակառուցելու մասին, սակայն շատ փորձագետներ ասում են, որ վերակառուցման աշխատանքները 10-15 տարի կտևեն:










