«Վեոլիա Ջուր»-ը ձեռնարկում է համապատասխան միջոցներ` Փոքր Վեդիում ջրի խնդրի արմատական կարգավորման ուղղությամբ

18:18 • 25.07.19

Կիսելով Փոքր Վեդիում ջրի խնդրի հետ կապված բազմաթիվ սպառողների անհանգստությունը՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ` խնդրի արմատական կարգավորման ուղղությամբ: Փոքր Վեդիում ջրի խնդիրը տասնամյակների պատմություն ունի, որի վկայությունը բնակիչների մեծածավալ ջրհորներն են:

«Իրավիճակն առավել սրվում է ամռանն այն պատճառով, որ սպառողները խմելու ջուրն օգտագործում են նաև ոռոգման նպատակով: Ցավոք, օրերս խոշոր վթար տեղի ունեցավ «Գառնի-Լանջազատ» մայրուղային ջրատարի վրա, ինչը ևս բացասական ազդեցություն թողեց գյուղի ջրամատակարարման վրա: Ներկայումս խողովակաշարը վերանորոգվել է և գործում է ողջ հզորությամբ:

«Վեոլիա ջուր» ընկերությունը չի նվազեցրել Փոքր Վեդիին մատակարարվող ջրաքանակը, բայց քանի որ բնակիչները շտապում են լցնել իրենց ջրհորները, ջուրը չի բավականացնում գյուղի բոլոր թաղամասերին: «Վեոլիա Ջուր»-ն աշխատանքներ է իրականացրել նաև խնդրի արմատական լուծման ուղղությամբ:

1000 խորանարդ մետր ծավալ ունեցող գործող Օրվա Կարգավորիչ Ջրամբարի անմիջական հարևանությամբ «Վեոլիա ջուր» ՓԲԸ նախաձեռնությամբ և միջոցներով կառուցվում է ևս մեկը, նույն տարողությամբ, որն ամենայն հավանականությամբ` կգործարկվի արդեն աշնանը:

Բացի այդ, դեպի Փոքր Վեդի շուրջ 3 կմ երկարությամբ ջրագիծ է կառուցվում զգալիորեն ավելի մեծ՝ 250մմ տրամագծով, գործող 150 մմ փոխարեն: Դա նշանակում է, որ արդեն տեսանելի ապագայում 2 անգամ ավելի շատ ջուր կստանան սպառողները, ինչը թույլ կտա Փոքր Վեդիում ապահովել բարվոք ջրամատակարարում»,- գրված է հայտարարությունում: