Պերուում արթնացել է Ուբինաս հրաբուխը. իշխանությունները տարհանումներ են իրականացնում (լուսանկարներ)

14:55 • 25.07.19

Պերուում ակտիվացել է Ուբինաս հրաբուխը: Հրաբխի տևական ակտիվության պատճառով իշխանությունները հարավային Մոկեգուա, Արեքիպա և Տականա շրջաններում արտակարգ դրություն են սահմանել, գրում է meteoweb.eu-ն:

Հրաբխից ծխի սյուն և մոխիր է արտանետվում: Արտակարգ իրավիճակների ազգային վարչության տվյալներով՝ առնվազն 30 000 մարդու կյանք է վտանգված:

Ինչպես նշում է garda.com-ը, հուլիսի 19-ին հրաբուխը երեք անգամ ժայթքել է, ընդ որում՝ ժայթքումների ուժգնությունը հավասար է եղել 5,8, 5,3 և 4,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժերի: Հուլիսի 22-ին և 23-ին այլ ժայթքումներ են գրանցվել, որոնց հետևանքով հրաբխային նյութեր և ապառաժներ են նետվել մոտակա գյուղերի վրա:

Երկրի իշխանությունները բնակիչներին դիմակներ են բաժանել և իրավիճակի վատթարացման դեպքում տարհանման պլան մշակել: Առաջին 500 հոգին կտարհանվեն այսօր: Նշվում է, որ Մոկեգուա շրջանի բնակիչների մի մասն ինքնակամ լքել է տարածքը՝ տեղափոխվելով Արեքիպա շրջան: