Հնդկաստանում ընձառյուծը մտել է գյուղի տներից մեկն ու հարձակվել քնած տղամարդու վրա

12:57 • 26.07.19

Հնդկաստանի Ռաջաստան նահանգում ընձառյուծը մտել է բնակելի տուն և 40-ամյա տղամարդու վզից բռնելով՝ դուրս տարել նրան։ Այս մասին հայտնում է The Times Of India պարբերականը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 24-ի վաղ առավոտյան: Գիշատիչ կենդանին հարձակվել է հնդիկ տղամարդու վրա, որն այդ պահին քնած է եղել իր տան բաց հատվածում, նրան ճանկել է պարանոցից ու քարշ տալով դուրս տարել:

Նրա հարազատների բղավոցներից ամբողջ գյուղի բնակիչները հավաքվել են: Որոնումների արդյունքում տնից գրեթե 100 մետր հեռավորության վրա գտել են տղամարդու դին: Ընձառյուծը հասցրել էր ուտել վերջինիս ոտքը և թաքնվել անտառում:

Դեպքի վայրում մեծ բազմություն է հավաքվել։ Վախեցած մարդիկ կարծում են, որ ընձառյուծը կվերադառնա գյուղ և կշարունակի հոշոտել գյուղի բնակիչներին: Նրանք պահանջել են, որ իշխանություններն անհապաղ բռնեն կենդանուն:

Զոհված տղամարդու գյուղում և շրջակա երեք գյուղերում վանդակներ են տեղադրվել, իսկ տարածքը հսկում են վայրի կենդանիների որսման մասնագետների թիմերը, որոնք կենդանուն բռնելու համար զինվել են տարբեր միջոցներով:

Աղբյուրը հավելում է, որ նրանք կմնան այնտեղ, քանի դեռ չեն բռնել ընձառյուծին։