Բանակցություններ են տարվում Եգիպտոսում մնացած հայերի վերադարձը արդեն իսկ այսօր կազմակերպելու հարցով. կառավարությունը պատրաստ է վճարել չվերթի համար
Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը բանակցություններ է վարում Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիների վերադարձը, հնարավորության դեպքում, արդեն իսկ այսօր կազմակերպելու հարցում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Եգիպտոսում ՀՀ դեսպանության կողմից գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի որքան հնարավոր է շուտ կազմակերպվի մեր քաղաքացիների ապահով վերադարձը հայրենիք։ Դեսպանության կողմից արդեն իսկ բանակցություններ են տարվում՝ հնարավորության դեպքում վերադարձը կազմակերպել արդեն իսկ այսօր»,- ասաց Աննա Նաղդալյանը:
Փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն իր հերթին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ քննարկվում է ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու երկու տարբերակ։ Նա նշել է, որ կառավարությունը պատրաստ է վճարել նրանց տեղափոխման համար։
«Տեղեկացնում եմ, որ Հուրգադայից ՀՀ քաղաքացիների տեղափոխման համար քննարկվում են մի քանի տարբերակներ: Խնդրի լուծումը գրեթե գտնվել է: Հայտնում եմ նաև, որ կառավարությունը պատրաստակամ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարթերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար: Մանրամասների մասին կտեղեկացնեմ մի փոքր ավելի ուշ»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով Եգիպտոսում է մնացել ՀՀ մոտ 100 քաղաքացի։ Նրանք չեն կարողանում վերադառնալ, քանի որ չեղարկվել էր նրանց չվերթը:
Ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում Եգիպտոսում ՀՀ հյուպատոս Ռաֆայել Մովսեսյանը հայտնել էր, որ արդեն կապ են հաստատել փոխադրող ավիաընկերության հետ, վերջինս նշել էր, որ չվերթը չեղարկվել է, քանի որ Հայաստանի տուր ընկերությունը չի կատարել ֆինանսական պարտականությունները:
Հիշեցնենք նաև, որ հուլիսի 23-ին Շարմ էլ Շեյխ-Երևան և հակառակ ուղղությամբ չարտերային չվերթները չէին կայացել, տասնյակ ուղևորներ չէին կարողացել մեկնել հանգստի կամ վերադառնալ։










