Սևանի խնդիրը լուծված չէ, պարզապես ջուրն ինքնամաքրվում է, լիճը փրկելու որևէ միջոցառում դեռևս չի կատարվել. Սիլվա Ադամյան
Սևանի խնդիրը լուծված չէ, պարզապես ջուրն ինքնամաքրվում է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց բնապահպան Սիլվա Ադամյանը։ Նա նշեց, որ հասկացող հասարակությունը երկար տարիներ բարձրաձայնել է, որ Սևանա լիճը ճգնաժամ է ապրելու:
«Հիմա ջուրն ինքնամաքրման պրոցեսի մեջ է, սակայն սա չի նշանակում, որ խնդիրները լուծում են ստացել։ Ջրի էկոլոգիան պետք է վերականգնվի, ջերմաստիճանի ստաբիլացում պետք է լինի։ Եթե մակարդակը բարձրանա, ապա ջուրը կլուծի այս խնդիրը, կունենանք նաև կենդանական աշխարհ։ Ինչպես նաև խնդիր է Սևան լցվող կեղտաջրերը։ Թեպետ նախարարն ասաց, որ տեղադրվելու են մաքրման կայաններ, միևնույն է, սա խնդիրը չի լուծում, քանի որ շատ տեղերից են կեղտաջրերը լցվում Սևան։ Տարածքում աշխատող գործարաններն պետք է օրենքի ուժով պարտադրել, որ տեղադրեն մաքրման կայանները, սակայն այս պահին նման օրենք չունենք, զուտ փորձում ենք համոզելով խնդիրը լուծել»,- ասաց նա։
Ադամյանը խնդրահարույց է համարում նաև Սևանա լճի ձկնապաշարը։ Նա նկատեց, որ այսօր, ըստ պաշտոնական տվյալների, 3 հազար տոննա ձուկ կա, բայց պետք է հասցնել 25-30 հազար տոննայի։
«Դեռևս որևէ քայլ չի նկատվում՝ ուղղված լճի հետագա կայունացմանը։ Խոսել նրա մասին, որ խնդիրը լուծել են, վաղ է ու սխալ։ Կարող ենք փաստել, որ Սևանա լիճն ինքն իր հարցը լուծել է, իսկ ինչ վերաբերում է միջոցառումներին, պետք է ասել, որ որևէ փրկարար միջոցառում դեռևս չի կատարվել»,- շարունակեց Սիլվա Ադամյանը։
Բնապահպանը խոսեց նաև Արարատի մարզում արագիլների սև, յուղոտ շերտով պատվելու խնդրի մասին։ Նրա խոսքով, եթե իրենք ահազանգ չստանային, ապա այս մասին որևէ մեկը տեղեկություն չէր ունենա։
«Եթե մենք ահազանգից հետո չգնայինք ու տեղում չնկարահանեինք իրավիճակը, ապա այս խնդրին ոչ մեկը ծանոթ չէր լինի, որովհետև մեզ զանգահարած քաղաքացին մինչ մեզ զանգահարել էր Շրջակա միջավայրի նախարարություն, Բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմին, սակայն այնտեղից պատասխանել էին, որ իրենց գործը չի՝ թող զանգեն ԱԻՆ, իսկ ԱԻՆ-ից տվել էին մեր համարը։ Ջրանցքները, որոնք կան Արարատյան հարթավայրում՝ մասնավորապես Հովտաշեն համայնքում, աղտոտված են: Թռչունները կերակրվում են այդ ջրանցքներից ու ամբողջ փետուրները յուղոտվում են, յուղոտվել են նաև ձագուկները։ Այս յուղը ցեխաջրի հետ միասին ստեղծում է այնպիսի զանգված, որը թույլ չի տալիս թռչունին թռչել»,- ընդգծեց Սիլվա Ադամյանը։
Վերջինս չի հերքում, որ տեսչական մարմինն այսօր աշխատում է, սակայն վստահեցնում է, որ բավականին դանդաղ են աշխատում, քանի որ առ այսօր իրենք շարունակում են ահազանգեր ստանալ։










