Ուկրաինայի ԿԸՀ-ն հայտնել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները

12:47 • 26.07.19

Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արձանագրությունների 100 տոկոսը: Այսպիսով՝ նախագահ Վլադիմիր Զելենսկիի «Ժողովրդի ծառա» կուսակցությունը հավաքել է 43,16% ձայն, գրում է ria.ru-ն:

Երկրորդ տեղում է Յուրի Բոյկոյի «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցությունը՝ 13,05%, երրորդում՝ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» կուսակցությունը՝ 8,18% ձայնով:

Ռադայում են հայտնվել նաև նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» (8,10%) և երաժիշտ Սվյատոսլավ Վակարչուկի «Ձայն» կուսակցությունները (5,82%):

Մնացած կուսակցությունները չեն հաղթահարել 5 տոկոսի շեմը:

Ուկրաինայում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել էին հուլիսի 21-ին: