Հայտնի օսկարակիր դերասանուհուն հեռացրել են ներկայացումից՝ գործընկերներին վտանգելու և վիրավորելու համար

00:06 • 26.07.19

Ամերիկացի հայտնի դերասանուհի Ֆեյ Դանաուեյին հեռացրել են բրոդվեյան Tea At Five («Թեյախմություն ժամը հինգին») ներկայացմանը մասնակցելուց, որում նա խաղում էր Քեթրին Հեփբորնի դերը:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, հեռացման պատճառ է դարձել 78-ամյա դերասանուհու բարդ բնավորությունը: Նշվում է, որ նա աշխատավայրում «վտանգավոր թշնամական միջավայր» էր ստեղծում, ինչի պատճառով ներկայացման մյուս մասնակիցներն սկսել են անհանգստանալ իրենց անվտանգության համար:

Աղբյուրի տվյալներով՝ հուլիսի 10-ին նախատեսված բեմադրությունը ստիպված են եղել հետաձգել, քանի որ դերասանուհին սկսել է առարկաներ նետել այս ու այն կողմ, երբ նրան փորձել են կեղծամ հագցնել: Նա նաև հարվածել է աշխատակազմի անդամներից մեկին:

Նշվում է նաև, որ նա հաճախ էր ուշանում փորձերից և չէր կարողանում սովորել սցենարը: Բացի այդ, նա պահանջում էր, որ փորձերի ժամանակ ոչ ոք սպիտակ հագուստ չկրի, քանի որ դա շեղում էր իրեն: Օրերից մի օր էլ նա պոկել հանել էր իր բեմական կեղծամի բոլոր սպիտակ վարսերը՝ պատճառաբանելով, որ ցանկանում է մարմնավորել առավել երիտասարդ տարիքի Քեթրին Հեփբորնին:

Ֆեյ Դանաուեյը 1960-70-ականների ամենահայտնի դերասանուհիներից է: «Օսկարի» նա արժանացել է «Հեռուստացանց» ֆիլմում իր դերի համար:

Հայտնի օսկարակիր դերասանուհուն հեռացրել են ներկայացումից՝ գործընկերներին վտանգելու և վիրավորելու համար