Երբեմն լինում են նպատակային կրակոցներ, որոնք ստանում են համարժեք պատասխան. հրամանատարի տեղակալը լրագրողներին ծանոթացրեց առաջնագծի իրադրությանը (տեսանյութ)

19:48 • 26.07.19

ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր Գեղարքունիքի մարզում կազմակերպել է լրագրողների այց առաջնագիծ: 

2-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ Սերյոժա Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում բացատրեց, որ հակառակորդի դիրքն իրենց գտնվելու վայրից 1100 մետրից քիչ ավելի հեռու է և համեմատաբար անվտանգ է:

Ինչ վերաբերում է մարտական հետակետերում տիրող իրավիճակին, Սերյոժա Ստեփանյանն ասաց. «Տվյալ պահին մարտական հենակետերում իրադրությունը մարտական առումով հանդարտ է, պարբերաբար լինում են հակառակորդի կողմից կրակոցներ, որոնք ավելի շատ մենք կապում ենք իրենց զգուշության հետ, հատկապես վատ, տեսանելի եղանակներին: Լինում են նաև նպատակային կրակոցներ, որոնք, իհարկե, զեկուցվելով ու համաձայնեցնելով վերադաս հրամանատարության հետ՝ ստանում են համարժեք պատասխան»: 

Հարցին, թե ավելի հեշտ չի լինի, որ նպատակային կրակոցների դեպքում զինծառայողները լինեն որոշում կայացնողները, Սերյոժա Ստեփանյանն ասաց. «Այդպես էլ կա, տվյալ պահին դիրքի ավագն է ընդունում որոշում, տեղյակ է պահում ավագ պետին և իր որոշումը կատարում է»:

Հարցին, թե այս պահին դիրքն են փորձում առաջ տալ, կարծես թե փորձում են ամրանալ մի բլրի վրա, Ստեփանյանն ասաց. «Եթե որևէ աշխատանք կատարվի այն դիրքից առաջ, որտեղ եղել են, մենք դրա համար ունենք հատուկ հանձնարարություն, և մեր կանխարգելիչ միջոցներն իրականացնում ենք»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: