Բորիս Ջոնսոնը նշել է Եվրամիության հետ համաձայնության գալու պայմանը

18:48 • 27.07.19

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախազգուշացրել է Եվրամիությանը, որ դրա կազմից Մեծ Բրիտանիայի դուրսբերման՝ Brexit-ի գործարքի վավերացման անհրաժեշտ պայման է Հյուսիսային Իռլանդիայի մասով պահեստային մեխանիզմից հրաժարվելը, հաղորդում է Reuters գործակալությունը։

«Եթե մենք ամբողջությամբ ազատվենք «բեքսթոփ»-ից, մեծ առաջընթաց կգրանցենք։ Մեծ Բրիտանիայի կառավարության մոտեցումը սպասողական չի լինի։  Մենք չենք սպասի, որ նրանք գան մեզ մոտ, մենք կփորձենք լուծել խնդիրը, և դա կանենք բարեկամության ու համագործակցության ոգով, սակայն մենք չենք կարողանա դա անել այնքան ժամանակ, քան դեռ գոյություն ունի այդ հակաժողովրդավարական «բեքսթոփ»-ը, որը փորձում է մասնատել մեր երկիրը»,- ասել է Ջոնսոնը։

Նշենք, որ «բեքսթոփ»-ի մեխանիզմի նպատակն է այնպես անել, որ, անկախ Մեծ Բրիտանիայի և Եվրամիության միջև բանակցությունների արդյունքից, Իռլանդիայի և Միացյալ Թագավորության մաս կազմող Հյուսիսայի Իռլանդիայի միջև սահմանը բաց մնա, ինչպես այժմ է, ինչը Մեծ Բրիտանիային կշարունակի կապել Եվրամիության օրենքների հետ՝ Հյուսիսային Իռլանդիայի և թագավորության մնացած տարածքի միջև օրենքների առումով որոշ տարբերություններով։

Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան դեմ են արտահայտվել մեխանիզմի իրագործմանը և պայմանավորվել այդ հարցով փոխըմբռնման գալ մինչև 2020թ․-ի վերջը։ Քանի դեռ սամանի խնդիրը չի լուծվել, ԵՄ-ի ընդհանուր շուկայի և մաքսային օրենքները կշարունակեն գործել Մեծ Բրիտանիայի ամբողջ տարածքում։

Հիշեցնենք, որ Ջոնսոնը, որը հաղթել էր իշխող Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնի համար պայքարում, Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել էր Թերեզա Մեյի՝ այդ պաշտոնից հրաժարական տալու արդյունքում:

Հրաժարական տալուց առաջ Մեյը 3 անգամ ապարդյուն փորձել էր ստանալ Համայնքների պալատի աջակցությունը Brexit-ի գործարքի համար: Խորհրդարանի գործողությունների պատճառով Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրսբերման՝ ընթացիկ տարվա մարտի 29-ին ծրագրված գործարքը ձախողվել էր, ինչից հետո Բրյուսելը համաձայնել էր Brexit-ը հետաձգել մինչև ապրիլ-մայիս, այնուհետև՝ մինչև հոկտեմբերի 31-ը:

Ստանձնելով կառավարության ղեկավարի պաշտոնը՝ Ջոնսոնն իր առաջին ելույթի ժամանակ խոստացել էր գործընթացին հանգուցալուծում տալ մինչև հոկտեմբերի 31-ը՝ «առանց եթեների ու բայցերի»: Նա նշել էր, որ եթե ԵՄ-ն հրաժարվի բանակցելուց, ապա Մեծ Բրիտանիան ստիպված կլինի դրա կազմից դուրս գալ առանց համապատասխան համաձայնության: