Էրեբունիում պոկվել է կառուցվող ռեստորանի ամբարձիչը․ տուժած շինարարներից մեկը հիվանդանոցում մահացել է (թարմացված)

19:39 • 27.07.19

Հուլիսի 27-ին, ժամը 18:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 82 շենքի վերելակը պոկվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ազատամարտիկների փողոցի թիվ 78/15 շենքի մոտակայքում կառուցվող երկհարկանի ռեստորանային համալիրի բեռների տեղափոխման համար նախատեսված ամբարձիչը պոկվել է և ընկել (մոտ 12 մ), որում եղել են քաղաքացիներ Ա.Մ.-ն (ծնված 1960 թ.) և Է.Թ.-ն (ծնված 1974 թ.):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներից մեկը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները մյուս տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս նույնպես հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:

Ժամը 23:00-ին «Էրեբունի» ԲԿ-ից տեղեկություն է ստացվել, որ քաղաքացի Է.Թ.-ն մահացել է: