Թաիլանդում տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է կնոջ ուսապարկում գտնվող հեռախոսի սնուցման սարքը բռնկվում (տեսանյութ)
Թաիլանդի Chiang Mai միջազգային օդանավակայանի ղեկավարությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես է կնոջ ուսապարկի մեջ գտնվող սնուցման սարքը պայթում։
Ինչպես նշում է Daily Mail-ը, դեպքը տեղի է ունեցել հուլիսի 21-ին։ Տեսանյութում երևում է Աֆրիկայից Թաիլանդ ժամանած կին զբոսաշրջիկը, որը քայլում է դեպի օդանավակայանի մուտքը, իսկ կողքին այլ ուղևորներ են քայլում։ Քիչ անց կնոջ ուսապարկը բռնկվում է, և նա խուճապահար այն գետնին է նետում։
Այն պահին, երբ անվտանգության աշխատակիցը լուսանկարում է հեռախոսը լիցքավորելու համար նախատեսված սնուցման սարքը, այն կրկին բռնկվում է և սկսում պտույտներ գործել՝ ստիպելով աշխատակցին փախչել։
Օդանավակայանի ղեկավարությունից հայտնել են, որ զբոսաշրջիկը միջադեպի հետևանքով չի տուժել, սակայն նրա շապիկն այրվել է։ Տեսանյութը հրապարակվել է՝ զգուշացնելու համար ուղևորներին սնուցման սարքերով ճամփորդելու վտանգների մասին։










