Թունիսում վերջին հրաժեշտն են տվել երկրի 92-ամյա նախագահին (լուսանկարներ)

17:17 • 27.07.19

Թունիսի նախագահական պալատում տարբեր երկրների ղեկավարներ և պաշտոնական պատվիրակություններ մասնակցել են երկրի առաջնորդ Ալ Բաջի Քաիդ Աս Սեբսիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը, որին հետևել է հուղարկավորությունը։ Այն հեռարձակվել է  Sky News Arabia հեռուստաալիքով։

Վերջին հրաժեշտի արարողությանը ներկա գտնվելու համար Թունիսի մայրաքաղաք են ժամանել Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Ալժիրի նախագահները, Իսպանիայի և Մարոկկոյի թագավորները, Քաթարի էմիրը, Պաղեստինի և Լիբիայի առաջնորդները։ Պաշտոնական արարողությունից հետո թափորը նախագահի մարմինը տեղափոխել է մայրաքաղաքի կենտրոնական հատվածում գտնվվող մզկիթ, այնուհետև՝ գերեզմանոց։ Հազարավոր քաղաքացիներ հավաքվել են փողոցներում՝ հրաժեշտ տալու հանգուցյալին։ Արարողության առնչությամբ քաղաքում խստացվել են անվտանգության միջոցառումները։

Հիշեցնենք, որ 2014թ-ից Թունիսը ղեկավարած Էս Սեբսին մահացել էր անցած շաբաթ՝ մայրաքաղաքի զինվորական հոսպիտալում։ Իննսուներկուամյա նախագահը վերջին ամիսներին առողջական խնդիրների պատճառով քանիցս հիվանդանոց էր տեղափոխվել։

Այժմ երկրի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է խորհրդարանի խոսնակ Մուհամեդ Ան Նասերը։ Թունիսում արտահերթ նախագահական ընտրությունները կկայանա սեպտեմբերի 15-ին։