Պարսից ծոց է ժամանել բրիտանական երկրորդ ռազմանավը

21:53 • 28.07.19

Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմի ևս մեկ նավ է ժամանել Պարսից ծոց: Ինչպես հաղորդում է BBC-ն, խոսքը Duncan ռազմանավի մասին է, որը կմիանա Montrose ռազմանավին՝ Հորմուզի նեղուցով բրիտանական դրոշի ներքո երթևեկող նավերին ուղեկցելու համար:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ երկիրը շարունակում է պնդել, որ Իրանի հետ ստեղծված ճգնաժամը կարգավորվի դիվանագիտական ճանապարհով:

«Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը կենսական կարևորություն ունեցող հարց է ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլև մեր միջազգային գործընկերների և դաշնակիցների համար: Առևտրային նավերը պետք է կարողանան օրինական ճանապարհորդել և անվտանգ եղանակով բեռ տեղափոխել աշխարհի ցանկացած կետ»,- ընդգծել է բրիտանացի պաշտոնյան:

Հիշեցնենք, որ երկու երկրների միջև լարվածության առաջացման պատճառն այն էր, որ բրիտանական նավը սխալ ուղով է ընթացել և հարվածել է իրանական ձկնորսական նավին: Իրանական կողմի պնդմամբ՝ բրիտանական նավն անտեսել է ձկնորսական նավից արձակված տագնապի ազդանշանը: Միջադեպից հետո բրիտանական նավը կալանքի տակ է առնվել: